Սամսոն, Շիմշոն (/ˈsæmsən/, եբրայերեն՝ שִׁמְשׁוֹן, Šímšōn, Šimšôn, բառացի՝ արևի մարդը)[3], աստվածաշնչյան առասպելական հերոս, հին իսրայելցիների վերջին դատավորը, որ հիշատակվում է Հրեական Աստվածաշնչի Դատավորների գրքում (գլուխ 13-16) և վերջին առաջնորդներից մեկը, որ «դատել» են Իսրայելը միապետությունից առաջ։ Հաճախ համարվում է մերձավորարևելյան ժողովրդական հերոսի հրեական տարբերակը, որի մարմնավորումներն են նաև շումերական Էնկիդուն և հունական Հերակլեսը։
Սամսոնն Աստվածաշնչում հիշատակվում է որպես Նազովրեական, ով օժտվել է հսկայական ուժով, որպեսզի պայքարի թշնամիների դեմ և կատարի գերմարդկային սխրանքներ[4]։ Նա սպանել է առյուծին մերկ ձեռքերով և կոտորել փղշտացիների մի ամբողջ բանակ միայն ավանակի ծնոտոսկրով։ Սակայն այդ հզորության գաղտնիքը Սամսոնի երկար մազերի մեջ էր, որոնք կտրելու դեպքում նա կկորցներ իր ուժը[5]։
Հիշվում է որպես Մանուեի որդի՝ իսրայելական Դանա տոհմից։ Ըստ առասպելի, ի վերուստ կանխորոշված էր, որ Սամսոնը օժտվելու է գերբնական ուժով և իսրայելցիներին փրկելու է փղշտացիների 40-ամյա լծից։ Փղշտացիների դեմ պայքարում Սամսոնը հռչակվել է բազմաթիվ սխրանքներով, ընտրվել իսրայելցիների դատավոր և կառավարել 20 տարի։ Փղշտացի սիրուհի Դալիլայի խարդավանքով (քնած ժամանակ նա կտրել է Սամսոնի մազերը, որոնց մեջ էր նրա կախարդական զորության գաղտնիքը) ի վերջո ընկել է թշնամու ձեռքը, կուրացվել և շղթայակապ նետվել բանտ։ Գերության մեջ Սամսոնի մազերը երկարել են, և նա վերստին օժտվել է գերբնական ուժով։ Տոնախմբություններից մեկի ժամանակ, երբ Սամսոնին բերել են Դագոն աստծո տաճարը (Դագայում), մասնակիցներին զվարճացնելու համար, նա գլխով հենասյունը հրելով՝ կործանել է տաճարը և թշնամիների հետ զոհվել փլատակների տակ։ Սամսոնի կերպարն արտացոլվել է քանդակագործության (Պյերինո դա Վինչի, Զ․ Բոլոնյա, Մ․ Ի․ Կազլովսկի), գեղանկարչություն (Ա․ Դյուրեր, Ա․ Մանտենյա, Ա․ վան Դեյկ, Ռեմբրանդ), գեղարվեստական գրականության (Ջոն Միլթոն), երաժշտության (Դ․ Ֆ․ Հենդել, Կ․ Սեն Սանս) մեջ։
↑Comay, Joan; Brownrigg, Ronald (1993). Who's Who in the Bible: The Old Testament and the Apocrypha, The New Testament. New York: Wing Books. pp. Old Testament, 316–317. ISBN 0-517-32170-X.
↑«Judges 16:17». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 160)։