Տիկնիկ (տիկին, պուպրիկ, խամաճիկ, խռծիկ և այլն), մարդու, թռչունների, կենդանիների կերպարանքով իր, որը պատրաստվում է տարբեր նյութերից (փայտ, մետաղ, գործվածք, բուրդ, թել, խմոր և այլն)։ Հայաստանում տարբեր անուններով հայտնի տիկնիկներ են ԵրևանիՀովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ներկայացումներից Խմբագիրը, Աբիսողոմը, օրիորդ Աղավնյակը, բժիշկը, Շողակաթը (բոլորն էլ՝ «Ծաղկի փողոց թիվ երկու», ըստ Պարոնյանի, 1984 թվական), Զորապետը, Թագավորը (Թումանյանի «Անհաղթ աքլորը», 1980 թվական)։ Տիկնիկները հիմնականում լինում են ծիսական, թատերական և մանկական։ Ծիսական տիկնիկի առաջացումը կապված է ծիսակատարությունների հետ․ դրանք ստեղծվել են հավատալիքային, կրոնական և առասպելական տարբեր կերպարների պատկերներով, օգտագործվել են հմայելու, կախարդելու նպատակով, կատարել պահպանակի դեր։ Ծիսական տիկնիկների որոշ մասը կիրառվելով կրոնական միստերիալ ներկայացումներում, փոխակերպվել են թատերական կերպարի, սկզբնավորելով տիկնիկային թատրոնը։ Մանկական խաղատիկնիկները ծիսական ու թատերական տիկնիկների փոխակերպված վերապրուկային ձևերն են, որոնք, ժամանակի ընթացքում կորցնելով կամ պահպանելով իրենց ծիսական, պաշտամունքային ու պահպանակի դերը, միաժամանակ երեխաների համար ծառայում են նաև որպես զբաղմունքի և ժամանցի առարկա, կատարելով դաստիարակչական դեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 7)։