Հենվելով Շվեդիայի տնտեսական և քաղաքական հզորության վրա և իր տրամադրության տակ ունենալով Եվրոպայի լավագույն բանակն ու նավատորմը, շարունակել է հոր՝ Կարլ XI-ի բացարձակապետական-մեծապետական քաղաքականությունը։ Շվեդական բանակը նրա հրամանատարությամբ 1700-1721 թվականների Հյուսիսային պատերազմի սկզբում հաղթել է Դանիային և նրան հարկադրել դուրս գալ Հյուսիսային դաշինքից (Ռուսաստան, Սաքսոնիա, Լեհաստան, Դանիա)։ 1700 թվականի նոյեմբերին Նարվայի մոտ ջախջախել է ռուսական զորքերը։ 1708 թվականի ամռանը ներխուժել է Ռուսաստան։ 1709 թվականի Պոլտավայի ճակատամարտում պարտություն կրելով ռուսական զորքերից, որոնց հրամանատարն էր Պետրոս Մեծը, Կարլ XII փախել է Թուրքիա, որտեղ փորձել է Ռուսաստանի դեմ հանել թուրքերին։ 1715 թվականին վերադարձել է Շվեդիա՝ նոր բանակ կազմելու։ Սպանվել է նորվեգական Ֆրեդերիկսհալ ամրոցի պաշարման ժամանակ։ Ռուսաստանում նրա կրած պարտության հետևանքով Շվեդիան երկրորդական պետություն դարձավ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 324)։