Jump to content

Անտիկ արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաուսիայով Ալեքսանդր Մեծը (ձախից) ընկերոջ՝ Կրատերոսի հետ կռվում է ասիական առյուծի հետ, մ․ թ․ա․ 4-րդ դարի վերջ, խճանկար, Պելլայի հնագիտական թանգարան (Պելլա, Հունաստան)

Անտիկ արվեստ (անգլ.՝ Ancient art), արվեստի բազմաթիվ տեսակներ, որոնք ստեղծվել են Հին աշխարհի գիր ունեցող հասարակությունների առաջադեմ մշակույթների կողմից, ինչպիսիք էին՝ հնագույն Չինաստանը, Հնդկաստանը, Միջագետքիը, Պարսկաստանը, Պաղեստինը, Եգիպտոսը, Հունաստանն ու Հռոմը։ Գիր չունեցած հասարակությունների արվեստը սովորաբար հիշատակվում է որպես նախապատմական արվեստ և այս հոդվածում չի քննարկվում։ Նախակոլումբոսյան մշակույթները, որոնք գիր են ունեցել նախքան եվրոպացիների ժամանումը, քննարկվել են նախակոլումբոսյան արվեստ, Մայաների արվեստ ու ացտեկների արվեստ հոդվածներում․ այս հոդվածն անդրադառնում է միայն օլմեկների արվեստին։

Միջին Արևելք և Միջերկրական ծով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջագետքը (հուն․՝ Μεσοποταμία` «երկիր գետերի միջև», ասոր՝ ܒܝܬ ܢܗܪܝܢ‎, արտասանվում է «Բեթ նահրայն»՝ «Գետերի երկիր», արաբ․՝ بلاد الرافدين‎‎` «Բիլադ ալ-ռաֆիդայն») Տիգրիս-Եփրատ գետային համակարգում գտնվող տարածքի տեղանունն է, որը հիմնականում համապատասխանում է մերօրյա Իրաքին, ինչպես նաև հյուսիսարևելյան Սիրիայի, հարավարևելյան Թուրքիայի ու հարավարևմտյան Իրանի որոշ մասերին։ Միջագետքը հաճախ համարվել է «քաղաքակրթության օրրան», որի սահմաններից ներս հայտնի հնագույն քաղաքակրթությունների մի մասն առաջին անգամ ստեղծել է գիր ու գյուղատնտեսություն։ Այստեղ ծաղկել են բազմաթիվ քաղաքակրթություններ ու իրենցից հետո թողել հնագույն արվեստի հարուստ ժառանգություն։

Լայնորեն համարվելով քաղաքակրթության օրրան՝ բրոնզեդարյան Միջագետքն իր մեջ ընդգրկել է շումերական ու աքքադական, բաբելոնյան ու ասորական կայսրություններ։ Երկաթի դարում այն կառավարել են նոր-ասորական և նոր-բաբելոնյան կայսրությունները։ Բնիկ շումերներն ու աքքադները (այդ թվում՝ ասորիներ և բաբելոնացիներ) գերակշռել են Միջագետքում գրավոր պատմության սկզբից (մ․թ․ա․ մոտավորապես 3100 թվական) մինչև մ․թ․ա․ 539 թվականին Բաբելոնի անկումը, երբ աքեմենյան կայսրությունը նվաճել է այն։ Մ․թ․ա․ 332 թվականին անցել է Ալեքսանդր Մակեդոնացու տիրապետության տակ, որի մահից հետո էլ դարձել Հունական Սելևկյան կայսրության մի մասը։

Մ․թ․ա․ շուրջ 150 թվականին Միջագետքը գտնվել է պարթևների հսկողության տակ, այն կռվախնձոր է դարձել հռոմեացիների և պարթևների միջև, և Միջագետքի (մասնավորապես Ասորեստանի) որոշ մասեր հայտնվել են հռոմեական պարբերական վերահսկողության տակ։ Մ․թ․ 226 թվականին այն ընկել է սասանյան պարսիկների ձեռքը և պարսկական իշխանության տակ մնացել մինչև Սասանյանների կայսրության՝ 7-րդ դարի արաբ իսլամական նվաճումը։ Մի շարք հիմնականում քրիստոնյա բնիկ միջագետքյան պետություններ են գոյություն ունեցել մ․թ․ա․ 1-ին դարի ու մ․թ․ 3-րդ դարի միջև, որոնց թվում՝ Ադիաբենեն, Օսրոյենեն և Հատրան։ «Միջագետք» տարածաշրջանային տեղանունը կնքվել է հելլենիստական շրջանում և վերաբերել որոշակի սահմաններ չունեցող լայն աշխարհագրական տարածքի, և հավանաբար օգտագործվել է սելևկյանների կողմից։

Լայնորեն ընդունված է, սակայն, որ վաղ շրջանի միջագետքյան քաղաքակրթություններն ամբողջ տարածաշրջանը պարզապես անվանել են շումերական «kalam» («երկիր») բառով։ Համեմատաբար վերջերս կիրառվել են «Մեծ Միջագետք» կամ «Սիրո-Միջագետք» անվանումները, որոնք վերաբերել են Մերձավոր կամ Միջին Արևելքին համապատասխանող ավելի լայն աշխարհագրական տարածքներին։ Այս վերջին մեղմասությունները եվրակենտրոն տերմիններ են, որոնք վերագրվել են տարածաշրջանին 19-րդ դարի կեսին տեղի ունեցած արևմտյան բազմազան ներխուժումների ժամանակ։

Հնագիտական ապացույցները վկայում են մ․թ․ա․ 5-րդ հազարամյակում նրանց գոյության մասին։ Շումերներն իրենց խեցեգործ աշխատանքները զարդարել են մայրու ծառի յուղից ստացված ներկերով։ Նրանք են ստեղծել նաև ակնագործությունը։

Շումերական քաղաքակրթությունից մնացած առավել ուշագրավ նմուշներից մեկը հայտնի է որպես «Ուրի փորագրաքանդակ»։ Մ․թ․ա․ մոտավորապես 2500 թվականով թվագրված փորագրաքանդակը խեցիներով ու լաջվարդե ներդիրներով փայտե տուփ է։ Մի կողմում պատկերված են իրենց թագավորին գերիներ նվիրող զինվորներ, մյուս կողմում՝ նրան նվերներ մատուցող գեղջուկներ․ ցնցող ապացույցներ, որոնք վկայում են այս հնագույն մշակույթում արվեստի կենսունակության մասին։ Շումերները մի քանի խոշոր առաջընթացներ են գրանցել, օրինակ՝ անիվը, որը նրանց համար դյուրին է դարձրել փոխադրումը։ Ճարտարապետական նվաճումներից է եղել կամարը։ Զիկկուրատները բուրգաձև տաճարներ են եղել, որոնք կառուցվել են շումեր ճարտարապետների կողմից․ նրանք հավատացել են, որ աստվածներն ապրում են տաճարների տանիքներում։ Թագավորները հայտարարում էին, թե իրենց աստվածներն են ուղարկել կառավարելու, իսկ շումերներն ուրախությամբ հետևում էին թագավորական օրենքներին։ Թագավորը մի քանի կարևոր առաքելություն է ունեցել, այդ թվում՝ բանակ առաջնորդելը, ոռոգմանը հետևելը, որի միջոցով շումերները վերահսկել են գետերը։ Իշխողները մարտեր էին մղում հողերի համար, իսկ կյանքը շարունակվում էր շումերների համար։

Բաբելոնի կողմից Շումերիայի ու Աքքադի նվաճումը շրջադարձային նշանակություն է ունեցել տարածաշրջանի գեղարվեստական, ինչպես նաև քաղաքական պատմության մեջ։

Բաբելոնցիներն օգտվել են Միջագետքում կավի առատությունից՝ աղյուսներ պատրաստելու համար, որոնց օգտագործումը հանգեցրել է որմնասյուների և սյունների, ինչպես նաև որմնանկարների ու էմալապատ սալիկների առաջացմանը։ Պատերը փայլուն գունավորվել են, երբեմն ծածկվել բրոնզով կամ ոսկով, ինչպես նաև սալիկներով։ Ծեփի մեջ ներդրվել են նաև ներկված թրծակավե կոներ։

Բաբելոնցիները նաև հրաշալի մետաղագործներ էին, որոնք պղնձից պատրաստել են ֆունկցիոնալ և գեղեցիկ գործիքներ։ Հնարավոր է, որ Բաբելոնիան պղնձագործության սկզբնական ծննդավայրը եղած լինի, որտեղից էլ այն տարածվել է դեպի արևմուտք այն քաղաքակրթության հետ, որին պատկանել է։ Բացի դրանից, Բաբելոնիայում քարի պակասն արժևորել է յուրաքանչյուր խիճ ու գոհարների ձևավորման արվեստում հանգեցրել բարձր կատարելության։ Բաբելոնի արվեստի մաս են կազմել նաև գոբելենները, և բաբելոնյան քաղաքակրթությունն ամենավաղ ժամանակներից հայտնի էր իր ասեղնագործությամբ ու գորգերով։

Գլանաձև կնիք աստվածներով, որոնցից մեկը թևավոր առյուծի վրա, մ․թ․ա․ 8-7-րդ դարեր, կրիպտոբյուրեղային քվարց, 4.09 սմ, Նյու Յորքի Մետրապոլիտեն թանգարան

Բոլոր միապետությունների նման Բաբելոնի թագավորությունը հավերժ չի գոյատևել։ Երբ այն անկում է ապրել, ի վերջո գրավվել է իր նախկին գաղութ Ասորեստանի կողմից, որն էլ ժառանգել է նրա արվեստն ու կայսրությունը։

Սկզբում ասորեստանցի ճարտարապետները և նկարիչները կրկնօրինակել են բաբելոնական ոճերն ու նյութերը, բայց ժամանակի անցնելուն զուգընթաց՝ հետագա շրջանի ասորեստանցիներն ազատվել են բաբելոնյան ազդեցություններից։ Ասորական պալատների պատերն աղյուսի փոխարեն շարված էին քարե սալիկներով, ու ներկվածի փոխարեն գունավոր էին, ինչպես Քաղդեայում։ Խորաքանդակի փոխարեն կարելի էր քանդակներ տեսնել, որոնց ամենաառաջին օրինակներից էին Գրիսուի արձանները, որոնք իրատեսական են, բայց որոշ չափով անշնորհք։

Վաղ շրջանի Ասորեստանի մետաղագործական արվեստի ուշագրավ նմուշներ չեն հայտնաբերվել, բայց ավելի ուշ դարաշրջանում ձեռք է բերվել մեծ կատարելացում այնպիսի զարդերի արտադրության մեջ, ինչպիսիք են ականջօղերն ու ոսկուց ապարանջանները։ Մեծ հմտությամբ նաև պղինձ են մշակել։

Ասորական խեցեղենի տեսքը գեղանի էր․ Նինվեի պալատներում հայտնաբերված ճենապակին ու ապակին ունի եգիպտական ծագում։ Թափանցիկ ապակին հավանաբար առաջին անգամ օգտագործվել է Սարգոն II-ի օրոք։ Ծաղկամանների արտադրության մեջ օգտագործել են քար, ինչպես նաև կավ և ապակի։ Թելոյում հայտնաբերվել են կոշտ քարի ծաղկամաններ, որոնք նման են Եգիպտոսի վաղ տոհմային շրջանում հայտնաբերվածներին։

Աշուրբանիպալը խթանել է արվեստը և մշակույթը և Նինվեում սեպագիր արձանագրությունների հսկայական գրադարան է ունեցել։

Խեթական արվեստն ստեղծվել է խեթական քաղաքակրթության կողմից հին Անատոլիայում, մերօրյա Թուրքիայում և մ․թ․ա․ երկրորդ հազարամյակի ընթացքում՝ մ․թ․ա․ տասնիններորդ դարից մինչև քսաներորդ դարը, տարածվել դեպի Սիրիա․ այս ժամանակահատվածը համապատասխանում է անատոլիական բրոնզի դարին։ Այն բնութագրվում է կանոնականացված պատկերներով ու վերադասավորված ժենեկազարդերով, որոնցով նկարիչները փորձել են հիմնականում անգրագետ բնակչության համար իմաստը հասկանալի դարձնել։

«Գեղարվեստական արտահայտչամիջոցների սահմանափակ քանակի պատճառով խեթական նկարչի համար ստեղծագործելը սովորաբար ենթադրել է դրանք ավելի բարդ կոմպոզիցիաներում ընդգրկելն ու համատեղելը»[1]։

Այս կրկնվող պատկերներից շատերը հանդիպում են խեթական աստվածների և ծիսական արարողակարգերի պատկերման մեջ։ Խեթական խորաքանդակներում ու կենդանիների պատկերման մեջ որսի տեսարանների տարածվածություն կա։ Արվեստի նմուշների մեծ մասը հայտնաբերվել է Ալաջա Հյույուկ բնակավայրից և խեթական պետության մայրաքաղաք Հատտուսայից։ Գիտնականները դժվարանում են թվագրել խեթական արվեստի մի մեծ մասը, վկայակոչելով արձանագրության պակասի փաստը և այն, որ հատկապես թաղման վայրերից հայտնաբերված նյութերի մեծ մասը տասնիններորդ դարի ընթացքում տեղափոխվել է իրենց նախնական վայրերից և բաշխվել թանգարանների միջև։

Բակտրիացիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակտրիա-Մարջիանա հնագիտական համալիրը (հայտնի նաև որպես Օքսուս քաղաքակրթություն) Կենտրոնական Ասիայում՝ մերօրյա Աֆղանստանի, արևելյան Թուրքմենստանի, հարավային Ուզբեկստանի ու արևմտյան Տաջիկստանի ու Ամուդարյա գետի (Օքսուս գետ) շրջակա տարածքներում մ․թ․ա․ մոտավորապես 2300–1700 թվականներին բնակված բրոնզեդարյան քաղաքակրթության ժամանակակից հնագիտական անվանումն է։ Հայտնաբերվել և անվանվել է խորհրդային հնագետ Վիկտոր Սարիանիդիի կողմից (1976)[փա՞ստ]։ Բացահայտվել են հուշարձանային քաղաքային կենտրոններ, պալատներ և պաշտամունքային շենքեր, մասնավորապես Թուրքմենստանի Գոնուր-դեպեում։

ԲՄՀՀ-ի նյութեր են հայտնաբերվել Ինդոսի հովտի քաղաքակրթությունում, Իրանական լեռնաշխարհում և Պարսից ծոցում[2]։ Համալիրի գտածոները առևտրի և մշակութային կապերի հետագա վկայություններ են ապահովել, որոնց թվում են՝ էլամական տիպի գլանաձև կնիքը, փղի պատկերով հարապպական կնիքը և Գոնուր-դեպեում հայտնաբերված ինդուսական գիրը[3]։ Ալթին-Դեպեի և Ինդոսի հովտի միջև հարաբերությունները, կարծես, առանձնապես ամուր են եղել։ Գտածոների թվում եղել են հարապպական երկու կնիք ու փղոսկրե առարկաներ։ Հյուսիսային Աֆղանստանում Ամու Դարիայի ափերին գտնված հարապպական Շորտուգայ բնակավայրը հավանաբար ծառայել է որպես առևտրային կենտրոն[4]։

Բակտրիայի արվեստի գործերի հայտնի տեսակ են «Բակտրիայի արքայադուստրերը» (հայտնի նաև որպես «Օքսուսի տիկնայք»)։ Փքված թևքերով լայն զգեստներ ու մազերին միաձուլված գլխազարդեր կրող կերպարները մարմնավորել են կենտրոնասիական դիցաբանության աստվածուհու, որը կարգավորող դեր է կատարել՝ խաղաղեցնելով վայրի ուժերին։ Այս արձանիկները պատրաստվել են հակադիր գույների նյութեր համատեղելով և համադրելով։ Նախընտրելի նյութերից էին՝ քլորիտը (կամ նմանատիպ մուգ կանաչ քարերը), սպիտակավուն կրաքարը կամ բծավոր ալեբաստրը կամ ծովախեցիները Հնդկական օվկիանոսից[5]։ Մարմնի և զգեստի տարբեր տարրերը փորագրվել են առանձին և հավաքվել փազլի նման՝ միացվելով հատուկ սոսնձով։

Աքեմենյաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքեմենյան արվեստը ներառում է ֆրիզ ցայտաքանդակներ, մետաղագործություն, պալատների ձևավորում, աղյուսե որմնադրություն, նուրբ արհեստագործություն (որմնադրություն, ատաղձագործություն և այլն) և այգեգործություն։ Պալատական արվեստի վերապրուկների մեծ մասը մոնումենտալ քանդակներ են, ցայտաքանդակներ, զույգ կենդանագլուխ պարսկական սյուների խոյակներ ու Պերսեպոլիսի այլ քանդակներ[6]։

Չնայած պարսիկներն իրենց կայսրության բոլոր անկյուններից վերցնում էին արվեստագետների՝ իրենց ոճերով և տեխնիկայով, նրանք ստեղծել են ոչ թե պարզապես ոճերի համադրություն, այլ նոր յուրահատուկ պարսկական ոճի սիրթեզ[7]։ Կյուրոս Մեծն իրականում իրենից հետո թողել է հին իրանական հսկայական ժառանգություն. աքեմենյան հարուստ ոսկեգործությունը, որն, ըստ արձանագրությունների, կարող էր լինել մարերի առանձնահատկությունը։

Պահպանվել են մի շարք շատ նուրբ զարդեր կամ ներդրվագումներ թանկարժեք մետաղի մեջ, իսկ Օքսուսի գանձն ունի բազմաթիվ տեսակներ։ Փոքր կտորներ, սովորաբար ոսկուց, կարվում էին ազնվականների հագուստի վրա, պահպանվել են նաև մի շարք ոսկե վզնոցներ[6]։

Փյունիկացիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փյունիկյան արվեստը զուրկ է յուրահատկություններից, որոնցով կարող էր տարբերվել իր ժամանակակից արվեստներից։ Դա պայմանավորված է օտար գեղարվեստական մշակույթների կողմից կրած մեծ ազդեցությամբ, հատկապես հին եգիպտական, հունական ու ասորական։ Նեղոսի ու Եփրատի ափերին ուսանած փյունիկացիները գեղարվեստական մեծ փորձ էին ձեռք բերում ու ի վերջո վերադառնալով՝ ստեղծում իրենց սեփական արվեստը, որն իրենից արտասահմանյան մոդելների և հեռանկարների միաձուլում էր ներկայացնում[8]։ 1879 թվականի հունվարի 5-ին հրատարակված Նյու Յորք Թայմս օրաթերթի մի հոդվածում փյունիկյան արվեստը նկարագրվել հետևյալ կերպ․

Նա մտավ այլ մարդու աշխատանքի մեջ ու այն իրենը դարձրեց։ Եգիպտական Սֆինքսը դարձավ ասիական, և դրա նոր տեսքը մի կողմից փոխանցվեց Նինվե, իսկ մյուս կողմից՝ Հունաստան։ Բաբելոնական գլանների վարդանախշերն ու այլ նախշեր ընդգրկվեցին փյունիկացիների ձեռագործերի մեջ ու այսպիսով փոխանցվեցին արևմուտք, իսկ քաղդեացիների հնագույն էպոսի հերոսը նախ դարձավ Տյուրոսի Մելկարտ, ապա Հելլադայի Հերակլես։

Նախաիսլամական Արաբիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախաիսլամական Արաբիայի արվեստը Լոնդոնի Բրիտանական թանգարանում

Նախաիսլամական Արաբիայի արվեստը կապված է հարևան մշակույթների արվեստի հետ։ Նախաիսլամական Եմենում ստեղծվել են մեծ գեղագիտական և պատմական արժեք ունեցող ոճային ալեբաստրե գլուխներ․ նախաիսլամական քանդակների մեծ մասը պատրաստված է ալեբաստրից։

Հնագիտությունը մի շարք վաղ քաղաքակրթություններ է բացահայտել Սաուդյան Արաբիայում՝ Դիլմուն քաղաքակրթությունն Արաբական թերակղզու արևելքում, սամուդները Հիջազից դեպի հյուսիս և Քինդա թագավորությունն ու Ալ-Մագար քաղաքակրթությունն Արաբական թերակղզու կենտրոնական մասում։ Արաբական պատմության հայտնի ամենավաղ իրադարձությունները թերակղզուց դեպի հարևան տարածքներ իրականացված տեղաշարժերն են[9]։ Հնում հարավարաբական հասարակությունների, ինչպիսին էր Սաբան (Շեբայի թագավորությունը), դերն անուշաբույր նյութերի արտադրության և առևտրի մեջ այդ թագավորություններին ոչ միայն հարստություն է բերել, այլև Արաբական թերակղզին կապել է առևտրային ցանցերի հետ ու նպաստել հեռահար գեղարվեստական ազդեցությունների առաջացմանը։

Հավանական է համարվում, որ նախքան մ․թ․ա․ 4000 թվականն արաբական կլիման ավելի խոնավ եղած լինի, քան մեր օրերում, մուսոնային համակարգի շնորհիվ, որն այդ ժամանակվանից տեղափոխվել է դեպի հարավ[փա՞ստ]։ Մ․թ․ա․ 4-րդ հազարամյակի վերջում սկսել են ի հայտ գալ մշտական բնակավայրեր, և բնակիչները հարմարվել են առաջացող ավելի չոր պայմաններին։ Արաբիայի հարավ-արևմուտքում (ներկայիս Եմենում) ավելի խոնավ կլիման ուղեկցել է մի շարք թագավորությունների մ․թ․ա․ երկրորդ և առաջին հազարամյակներում։ Սրանցից ամենահայտնին Սաբան էր՝ աստվածաշնչյան Շեբայի թագուհու թագավորությունը։ Այս հասարակությունները հարուստ թագավորություն ստեղծելու նպատակով համատեղել են համեմունքների վաճառքը տարածքի բնական ռեսուրսների վաճառքի հետ, այդ թվում՝ անուշաբույր նյութեր, ինչպիսիք են՝ խունկն ու անուշահոտ խեժը (զմուռս)։ Սաբեացիների մայրաքաղաք Մարիբը հարմար տեղակայված է եղել միջերկրածովյան, ինչպես նաև մերձավորարևելյան առևտրին մասնակցելու համար, իսկ դեպի արևելք գտնված թագավորություններում, որտեղ մերօրյա Օմանն է, հնարավոր են եղել առևտրական կապեր Միջագետքի, Պարսկաստանի ու նույնիսկ Հնդկաստանի հետ։ Տարածքը երբեք ասորական կամ պարսկական կայսրությունների կազմում չի եղել, իսկ հարավ-արևմտյան Արաբիայի բաբելոնյան վերահսկումը նույնպես համեմատաբար կարճատև է եղել։ Հետագայում չեն հաջողվել նաև տարածաշրջանի շահութաբեր առևտուրը վերահսկելու հռոմեացիների փորձերը։ Օտար բանակների համար այս անձեռնմխելիությունն անկասկած մեծացրել է համեմունքների և խնկի առևտրի մեջ հնագույն տիրակալների սակարկելու հնարավորությունը։

Արտաքին ազդեցությյուններին ենթարկվելով հանդերձ՝ հարավային Արաբիան պահպանել է իրեն բնորոշ հատկությունները։ Մարդկային քանդակները սովորաբար հիմնված են ուժեղ, քառակուսի ձևերի վրա, մանրամասների նուրբ մոդելավորումը հակադրվում է ձևի ոճավորված պարզությանը։

Հին Եգիպտոսի քաղաքակրթության խիստ կրոնական բնույթի պատճառով հին եգիպտական արվեստի մեծ գործերից շատերում պատկերված են աստվածներ, աստվածուհիներ և փարավոններ, որոնք նույնպես աստվածային են համարվել։ Հին եգիպտական արվեստին բնորոշ է կարգի գաղափարը։ Պարզ և հստակ գծերը զուգորդված պարզ ձևերի և գունավոր հարթ տարածքների հետ, օգնել են կարգի և հավասարակշռության զգացում ստեղծել Հին Եգիպտոսի արվեստում։ Հին եգիպտացի նկարիչները ուղղահայաց և հորիզոնական գծեր են օգտագործել՝ իրենց աշխատանքի ճիշտ համամասնությունները պահպանելու համար։ Եգիպտական արվեստում պահպանվել է նաև քաղաքական և կրոնական, ինչպես նաև գեղարվեստական կարգը։ Իրավիճակի սոցիալական հիերարխիան հստակ սահմանելու նպատակով կերպարները պատկերվել են ըստ չափսերի, որոնք հիմնված են եղել ոչ թե նկարչից կերպարի հեռավորության, այլ նրա համեմատական կարևորության վրա։ Օրինակ՝ փարավոնը պատկերվել է որպես նկարների ամենամեծ կերպար, անկախ նրա գտնվելու վայրից, իսկ ամենակարևոր աստվածը պատկերվել է համեմատաբար անկարևոր աստվածներից ավելի խոշոր չափսերով։

Սիմվոլիզմը նույնպես կարևոր դեր է խաղացել կարգի զգացողություն հաստատելու գործում։ Սիմվոլիզմը, սկսած փարավոնի հանդերձանքից (որը խորհրդանշում էր նրա իշխանությունը կարգ պահպանելու հարցում) մինչև եգիպտական աստվածների և աստվածուհիների անհատական խորհրդանիշներ, ամենուրեք է եգիպտական արվեստում։ Կենդանիները սովորաբար նույնպես շատ խորհրդանշական կերպարներ էին եգիպտական արվեստում։ Գույնը նույնպես ունեցել է ընդլայնված իմաստ․ կապույտն ու կանաչը խորհրդանշել են Նեղոսն ու կյանքը, դեղինը մարմնավորել է արև աստծուն, կարմիրը եղել է ուժի ու կենսունակության խորհրդանիշը։ Եգիպտոսի չոր կլիմայի շնորհիվ գույները չափազանց լավ են պահպանվել դարերի ընթացքում։

Հնագույն եգիպտական արվեստը հաճախ խիստ իրատեսական է, չնայած տեսարանի բացակայությանը։ Հին եգիպտացի նկարիչները հաճախ ցույց են տալիս մարմնակազմության բարդ գիտելիքներ ու մանրակրկիտ ուշադրություն մանրամասների հանդեպ, հատկապես կենդանիներ պատկերելիս։ 18-րդ դինաստիայի Էխնաթոն անունով մի փարավոն գահ բարձրանալով վերացրել է ավանդական բազմաստվածությունը։ Նա ստեղծել է միաստվածային կրոն, արևի աստծու՝ Աթենի պաշտամունքի վրա հիմնված։ Գեղարվեստական փոփոխությունները հաջորդել են քաղաքական ցնցումներին։ Ներդրվել է արվեստի նոր ոճ, որն ավելի նատուրալիստական էր, քան նախորդ 1700 տարիների ընթացքում եգիպտական արվեստում գերակշռած ոճական ֆրիզը։ Էխնաթոնի մահից հետո, սակայն, եգիպտացի նկարիչները վերադարձել են իրենց հին ոճերին։

Հախճապակին, որը հին եգիպտական արվեստում ստեղծվել է դեռևս մ․թ․ա․ 3500 թվականին, իրականում գերազանցել է եվրոպական 15-րդ դարի թիթեղապատ կավե ամանեղենին[10]։ Հին եգիպտական հախճապակին պատրաստվել է ոչ թե կավից, այլ հիմնականում քվարցից ստեղծված կերամիկայից։

Բրոնզի դարի մեծագույն քաղաքակրթությունը մինոյացիներն էին, առևտրական մի ժողովուրդ, որն իր հայրենի Կրետեից ու Էգեյան ծովի այլ կղզիներից ստեղծել էր առևտրային կայսրություն։ Մինոյացիները հայտնի են եղել նաև իրենց գեղեցիկ կերամիկական արվեստով, ֆրեսկոներով, բնապատկերներով ու քարի փորագրություններով։ Վաղ մինոյական դարաշրջանում կերամիկան բնութագրվել է պարույրներով, եռանկյուններով, կոր գծերով, խաչերով և ձկան ոսկորների մոտիվներով։ Միջին մինոյական դարաշրջանում ընդունված են եղել նատուրալիստական պատկերները, ինչպիսիք են ձկները, կաղամարը, թռչունները և շուշանները։ Ուշ մինոյական դարաշրջանում ծաղիկներն ու կենդանիները դեռ ամենաբնորոշն էին, բայց փոփոխականությունն աճել էր։ Կնոսոսի շրջակա տարածքին բնորոշ «պալատական ոճը» բնութագրվել է նատուրալիստական ձևերի խիստ երկրաչափական պարզեցմամբ ու մոնոքրքմատիկ նկարչությամբ։ Կնոսոսի պալատը զարդարված էր որմնանկարներով, որոնք ցույց էին տալիս առօրյա կյանքի տեսարաններ, այդ թվում՝ պալատական ծիսակատարություն և զվարճություններ, ինչպիսիք են ցատկերը ցուլի վրայով և բռնցքամարտը։ Մինոյացիները հմուտ ոսկեգործներ էին ու ստեղծում էին գեղեցիկ կախազարդեր և դիմակներ։ Քրիսոլախոս համալիրից հայտնաբերված հանրահայտ «Մալիայի կախազարդը», որն այժմ ցուցադրված է Հերակլիոնի հնագիտական թանգարանում, բարձրակարգ ոսկերչության օրինակ է[11]։

Միկենյան արվեստը նման է մինոյականին ու պարունակում է մի շարք հրաշալի գտածոներ արքայական գերեզմաններից, որոնցից ամենահայտնին Ագամեմնոնի դիմակն է։ Այս աշխատանքից կարելի է եզրակացնել, որ միկենները մասնագիտացել են ոսկեգործության մեջ։ Նրանց ստեղծած արվեստի գործերն աչքի են ընկնում օգտագործված դեկորատիվ մոտիվների առատությամբ։ Իրենց մշակութային պատմության որոշակի փուլում միկեններն ընդունել են մինոյական աստվածուհիներին և վերջիններիս կապել իրենց երկնքի աստծու հետ․ գիտնականները կարծում են, որ հունական աստվածների պանթեոնը չի արտացոլում միկենյան դավանանքը, բացառությամբ աստվածուհիների ու Զևսի։ Այս աստվածուհիները, սակայն մինոյական ծագում ունեն։

Խոյակներ հունական երեք դասական օրդերներով՝ դորիական, հոնիական ու կորինթյան (տե՛ս հաջորդ երկուսը)

Հին հունական արվեստը ներառում է շատ խեցեղեն, քանդակ, ինչպես նաև ճարտարապետություն։ Հունական քանդակագործությունը հայտնի է կերպարների կոնտրապոստ կանգնելաձևով։ Ոճաբանորեն հին հունական արվեստը բաժանվում է երեք ժամանակաշրջանի՝ արխայիկ, դասական և հելլենիստական։ Հին հունական խեցեգործության պատմությունը ոճաբանորեն բաժանված է պրոտոգեոմետրիկ, երկրաչափական, ուշ երկրաչափական կամ հնագիտական, սև և կարմիր կերպարների ժամանակաշրջանների։ Հին հունական արվեստը առավել հաջողությամբ պահպանվել է քանդակագործության և ճարտարապետության ձևով, ինչպես նաև այնպիսի մանր արվեստներում, ինչպիսիք են մետաղադրամների ձևավորումը, խեցեգործությունը և գոհարների ձևավորումը։

Հին հունական նկարչության ամենահեղինակավոր ձևը պանելային նկարչությունն էր, որոնց մասին տեղեկանում ենք միայն գրական նկարագրություններից․ մ․թ․ 4-րդ դարից հետո նրանք արագորեն անհետացել են, քանի որ այլևս ակտիվորեն չեն պաշտպանվել։ Հունական նկարչությունից շատ բան չի պահպանվել, բացի Ֆայյումյան դիմանկարներից ու հիմնականում Մակեդոնիայի ու Իտալիայի դամբարանների պատերին արված մի քանի նկարներից։ Խեցեգործության վրա արված նկարչությունը, որից մեծ հատված պահպանվել է, որոշակի պատկերացում է տալիս հունական նկարչության գեղագիտության վերաբերյալ։ Օգտագործված տեխնիկաները, սակայն, շատ տարբեր են մեծածավալ նկարչության մեջ օգտագործվածներից։ Դա հիմնականում եղել է սևով ու ոսկեգույնով․ նկարվել է տարբեր գույներ օգտագործելով, ոչ թե այն գույները, որոնք օգտագործվել են պատերի կամ փայտի վրա նկարելու համար, քանի որ դա այլ մակերևույթ էր։

Էտրուսկյան արվեստն ստեղծվել է էտրուսկյան քաղաքակրթության կողմից կենտրոնական Իտալիայում մ․թ․ա․ 9 - 2-րդ դարերի ընթացքում։ Մ․թ․ա․ մոտավորապես 600 թվականից այն մեծ ազդեցության է ենթարկվել հունական արվեստի կողմից, որը ներմուծվել է էտրուսկների կողմից, բայց միշտ պահպանել է հստակ առանձնահատկություններ։ Այս ավանդույթի մեջ հատկապես ուժեղ էին թրծակավե պատկերավոր քանդակները (որոնք հիմանկանում իրական չափսերի էին սարկոֆագների վրա ու տաճարներում), պատերի նկարներն ու հատկապես բրոնզագործությունը։ Ստեղծվել են բարձրորակ զարդեր և փորագրված գոհարներ[21]։

Ձուլածո բրոնզից էտրուսկյան քանդակները հայտնի էին և լայնորեն արտահանվում էին, բայց համեմատաբար քիչ խոշոր օրինակներ են պահպանվել (նյութը չափազանց արժեքավոր էր և հետագայում վերամշակվել է)։ Ի տարբերություն թրծակավի ու բրոնզի, tհամեմատաբար քիչ է քանդակագործության համար քար օգտագործվել, թեև էտրուսկների վերահսկողության տակ մարմարի հրաշակի հանքեր են եղել, այդ թվում՝ Կարարայի մարմարը, որը կարծես չի շահագործվել նախքան հռոմեացիները։

Պահպանված նմուշների մեծ մասը հայտնաբերվել է գերեզմաններից, որոնցով հիմնականում լցրել են սարկոֆագները, կամ տաճարների շուրջ ճարտարապետական քանդակագործության թրծակավե բեկորներից։ Դամբարաններից բացահայտվել են համարյա բոլոր պատի ֆրեսկոները, որոնցում պատկերված են խնջույքների տեսարաններ ու դիցաբանական թեմաներ։

Նիմում (Ֆրանսիա) գտնվող «Մեզոն Քառեն»՝ լավագույնս պահպանված Հին Հռոմեական տաճարներից մեկը, երկու դիրքից (նայիր ներքևում)

Սովորաբար ասում են, որ հռոմեական արվեստն առաջացել է հունական և էտրուսկյան արվեստից։ Հիրավի, Պոմպեյում և Հերկուլանումում հայտնաբերված մեծահարուստ հռոմեացիների վիլլաները ցույց են տալիս արտահայտված հակում ամենայն հունականի նկատմամբ։ Հունական ամենանշանակալի արվեստի գործերից շատերը պահպանվել են իրենց հռոմեական մեկնաբանության և ընդօրինակման շնորհիվ։ Հռոմեացի նկարիչները ձգտել են անմահացնել իրենց պետության կյանքում տեղի ունեցած մեծ իրադարձությունները և փառաբանել իրենց կայսրերին, ինչպես նաև արձանագրել մարդկանց ներքին կյանքը և արտահայտել գեղեցկության և ազնվականության գաղափարներ։ Նրանց կիսանդրիները և հատկապես գերեզմանաքարերի վրա գտնվող անհատների պատկերները շատ արտահայտիչ և կենդանի են՝ հմտորեն ու վստահորեն ավարտուն։

Հունաստանում և Հռոմում որմնանկարչությունը բարձր արվեստ չի համարվել։ Քանդակագործությունից բացի ամենահեղինակավոր արվեստաձևը եղել է պանելային նկարչությունը, այսինքն՝ տեմպերա կամ էնկաուստիկ նկարչություն՝ փայտե տախտակների վրա։ Դժբախտաբար փայտի փչացման պատճառով այսպիսի նկարչության միայն փոքրաթիվ նմուշներ են պահպանվել, մասնավորապես մ․ թ․ 200 թվականի Սևերյան Տոնդոն՝ շատ սովորական պաշտոնական դիմանկար նահանգային կառավարության ինչ որ գրասենյակից ու հանրահայտ Ֆայյումյան դիմանկարները, բոլորն էլ հայտնաբերված հռոմեական Եգիպտոսից ու համարյա անկասկած ոչ ամենաբարձր որակի։ Դիմանկարները թաղման ժամանակ ամրացվել են մումիաների դեմքերին, որոնցից էլ համարյա բոլորն այժմ հանվել են։ Նրանցում սովորաբար պատկերված է մեկ անձ, դիմացից նայելիս երևում է գլուխը, կամ գլուխն ու կրծքավանդակը։ Ֆոնը միշտ միագույն է, երբեմն՝ դեկորատիվ տարրերով։ Գեղարվեստական ավանդույթի տեսանկյունից պատկերներն ավելի շատ բխում են հունահռոմեական ավանդույթներից, քան եգիպտականներից․ դրանք զարմանալիորեն իրատեսական են, թեև տարբերվում են գեղարվեստական որակով և կարող են ցույց տալ նմանատիպ արվեստը, որը տարածված էր այլուր, բայց չի պահպանվել։ Պահպանվել են հետագա կայսրության ընթացքում ապակու և մեդալների վրա արված որոշ դիմանկարներ, ինչպես նաև դիմանկարներ մետաղադրամների վրա, որոնց մի մասը նույնպես բավականին իրատեսական է։ Պլինիոս Կրտսերը գանգատվել է հռոմեական դիմանկարային արվեստի անկումային վիճակից․ «Դիմանկարչությունը, որը դարեր շարունակ փոխանցել է մարդկանց ճշգրիտ նմանությունները, ամբողջովին մարել է։ Անգործությունը ոչնչացրել է արվեստը»։

Հարավային Ասիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի առաջին քանդակները վերագրվում են 5000 տարի առաջ ապրած Հարապպայի քաղաքակրթությանը․ հայտնաբերվել են փոքրիկ քարե փորագրություններ և բրոնզե ձուլածոներ։ Հետագայում, երբ հինդուիզմը, բուդդայականությունն ու ջայնիզմն ավելի են զարգացել, Հնդկաստանում ստեղծվել են աշխարհի ամենաբարդ բրոնզե ձուլածոները, ինչպես նաև անզուգական տաճարային փորագրությունները, որոնց մի մասը՝ հսկայական սրբավայրերում, ինչպիսին Էլլորան է։ Աջանտա բուդդայական տաճարավանքային համալիրը Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում ժայռակերտ հուշարձան է, որը թվագրվում է մեր թվարկության երկրորդ դարով և պարունակում է ինչպես բուդդայական կրոնական արվեստի, այնպես էլ համաշխարհային պատկերավոր արվեստի գլուխգործոցներ համարվող նկարներ ու քանդակներ[22]։

Արևելյան Ասիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում նեոլիթյան ներկված խեցեղենի նման նախապատմական արվեստի գործերը կարելի է վերագրել Դեղին գետի հովտում բնակված յանշո և լունշան քաղաքակրթություններին։ Չինական բրոնզեդարում Շանգ և Չժոու արքայատոհմերի չինացիներն ստեղծել են պրակտիկ նպատակներով, ինչպես նաև կրոնական ծիսական ու գուշակությունների նպատակով օգտագործվող գեղարվեստական բրոնզե բազմազան անոթներ։ Պահպանված ամենահին չինական նկարները վերագրվում են պատերազմող թագավորությունների ժամանակաշրջանին ու եղել են մետաքսի ու լաքապատ իրերի վրա։ Հին Չինաստանի ամենահայտնի գեղարվեստական մասունքներից մեկը շարունակում է մնալ թրծակավե բանակը, որն իրենից ներկայացնում է 8,099 առանձին և իրական չափսերի թրծակավե զինվորների (ինչպիսիք են՝ հետևակը, մարտակառքերով ու հեծելազորով ձիերը, աղեղնավորները և ռազմական սպաները) հավաքածու՝ թաղված առաջին կայսեր՝ Ցին Շի Հուանդիի գերեզմանում (մ․թ․ա․ 210 թվական)։ Այս ավանդույթը փոխանցվել է նաև հաջորդած Հան դինաստիային, չնայած նրանց գերեզմաններում հայտնաբերվել են զինվորների ու ծառաների փոքրիկ քանդակներ՝ հանդերձյալ կյանքում ղեկավարներին ու ազնվականությանը ծառայելու համար։ Չինական արվեստն, անկասկած, ցույց է տալիս ավելի շատ շարունակականություն հին և ժամանակակից ժամանակաշրջանների միջև, քան ցանկացած այլ քաղաքակրթության արվեստ, նույնիսկ երբ օտար արքայատոհմերն են գրավել կայսերական գահը, նրանք նոր մշակութային կամ կրոնական սովորություններ չեն ստեղծել և համեմատաբար արագ ձուլվել են։

Ճապոնական արվեստի դարաշրջանները համապատասխանում են տարբեր կառավարությունների գտնվելու վայրերին։ Ամենավաղ հայտնի ճապոնական արտեֆակտերը վերագրվում են աինու ցեղին, որն ազդեցություն է գործել ձյոմոն ժողովրդի վրա, իսկ այս դարաշրջանները հայտնի են դարձել որպես ձյոմոն ու յայոյ ժամանակաշրջան։ Նախքան յայոյների կողմից Ճապոնիայի նվաճումը, մ․թ․ա․ 660 թվականին Ջիմուն էր թագադրված կայսրը։ Հետագայում եկել է Հանիվան կոֆուն դարաշրջանից, որին հաջորդել է Ասուկան, երբ բուդդիզմը Չինաստանից հասել է Ճապոնիա։ Դրանից հետո այդ կրոնն զգալիորեն ազդել է ճապոնական արվեստի վրա[23]։

Հնագույն օլմեկների «Թռչնաձև անոթն» ու գավաթը, որոնք պատրաստվել են մ․թ․ա․ մոտավորապես 1000 թվականին կավից, ինչպես նաև խեցեգործական այլ աշծատանքներ պատրաստվել են մոտավորապես 900 °C ջերմաստիճանը գերազանցող թրծավառարաններում։ Նախնադարյան մյուս հայտնի քաղաքակրթությունը, որը կարողացել է այսպիսի ջերմաստիճան ստանալ, եղել է Հին Եգիպտոսը[10]։ Օլմեկների արվեստի մեծ մասը ոճավորված է և օգտագործել է արվեստի գործերի կրոնական իմաստն արտացոլող պատկերագրություն։ Մյուս մասը զարմանալիորեն նատուրալիստական է և ճշգրտորեն պատկերում է մարդու անատոմիան, որին նախակոլոմբոսյան աշխարհում հավասար էր միայն մայաների դասական դարաշրջանի արվեստը։ Օլմեկների արվեստի ձևերը շեշտը դնում են մոնումենտալ արձանների և նեֆրիտե մանր փորագրությունների վրա։ Ընդհանուր թեմա է աստվածային յագուարի պատկերումը։ Առատորեն հայտնաբերվել են նաև Օլմեկյան արձանիկներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Alexander, Robert L. (1986). The Sculpture and Sculptors of Yazılıkaya. Newark: University of Delaware Press. էջ 122.
  2. C.C. Lamberg-Karlovsky, "Archaeology and Language: The Indo-Iranians", Current Anthropology, vol. 43, no. 1 (Feb. 2002).
  3. Kohl, 2007, էջեր 196–199
  4. V. M. Masson, "The Bronze Age in Khorasan and Transoxiana," chapter 10 in A.H. Dani and Vadim Mikhaĭlovich Masson (eds.), History of civilizations of Central Asia, volume 1: The dawn of civilization: earliest times to 700 BC (1992).
  5. Caubet, Annie (2019). Idols The Power of Images (անգլերեն). Rizzoli International Publications. էջ 221. ISBN 978-88-572-3885-2.
  6. 6,0 6,1 Cotterell, 161–162
  7. Edward Lipiński, Karel van Lerberghe, Antoon Schoors; Karel Van Lerberghe; Antoon Schoors (1995). Immigration and emigration within the ancient Near East. Peeters Publishers. էջ 119. ISBN 978-90-6831-727-5.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link); Cotterell, 162
  8. «Phoenician Art» (PDF). The New York Times. 1879 թ․ հունվարի 5. Վերցված է 2008 թ․ հունիսի 20-ին.
  9. Philip Khuri Hitti (2002), History of the Arabs, Revised: 10th Edition
  10. 10,0 10,1 Friedman, Florence Dunn (1998 թ․ սեպտեմբեր). «Ancient Egyptian faience». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 22-ին.
  11. Nelson, E. Charles; Mavrofridis, Georgios; Anagnostopoulos, Ioannis Th. «NATURAL HISTORY OF A BRONZE AGE JEWEL FOUND IN CRETE: THE MALIA PENDANT». The Antiquaries Journal (անգլերեն): 1–12. doi:10.1017/S0003581520000475. ISSN 0003-5815. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  12. Smith, David Michael (2017). Ancient Greece Pocket Museum (անգլերեն). Thames and Hudson. էջ 79. ISBN 978-0-500-51958-5.
  13. Smith, David Michael (2017). Ancient Greece Pocket Museum (անգլերեն). Thames and Hudson. էջ 85. ISBN 978-0-500-51958-5.
  14. Smith, David Michael (2017). Ancient Greece Pocket Museum (անգլերեն). Thames and Hudson. էջ 121. ISBN 978-0-500-51958-5.
  15. Smith, David Michael (2017). Ancient Greece Pocket Museum (անգլերեն). Thames and Hudson. էջ 124. ISBN 978-0-500-51958-5.
  16. 16,0 16,1 16,2 Fortenberry, Diane (2017). THE ART MUSEUM (անգլերեն). Phaidon. էջ 28. ISBN 978-0-7148-7502-6.
  17. Mattinson, Lindsay (2019). Understanding Architecture A Guide To Architectural Styles (անգլերեն). Amber Books. էջ 21. ISBN 978-1-78274-748-2.
  18. Fortenberry, Diane (2017). THE ART MUSEUM (անգլերեն). Phaidon. էջ 36. ISBN 978-0-7148-7502-6.
  19. Fortenberry, Diane (2017). THE ART MUSEUM (անգլերեն). Phaidon. էջ 38. ISBN 978-0-7148-7502-6.
  20. Fortenberry, Diane (2017). THE ART MUSEUM (անգլերեն). Phaidon. էջ 41. ISBN 978-0-7148-7502-6.
  21. The Oxford History of Classical Art. Oxford: Oxford University Press. 1993. էջեր 350–351.
  22. «Ajanta Caves». UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 22-ին.
  23. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.

Աղբյուրներ

  • Bailey, Douglass. (2005). Prehistoric Figurines: Representation and Corporeality in the Neolithic. Routledge Publishers. 0-415-33152-8

Հետագա ընթերցանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտիկ արվեստ» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy