Jump to content

Խոսք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոսք, հին քերականության մեջ նաև՝ բան։ Ի տարբերություն լեզվի, որը խոսողական ունակությունների ընդհանրական համակարգ է տվյալ լեզվով խոսող հանրության յուրաքանչյուր անդամի գիտակցության մեջ, խոսքը այդ համակարգի կոնկրետ, անհատական իրացումն է, լեզվի կենդանի գոյը, որ դրսևորվում է խոսքային գործունեության միջոցով, խոսքային ակտերով։ Խոսքը կառուցվում է լեզվական համակարգի թելադրանքով. այն լեզվի հետ միասնության մեջ է։ Խոսքը բնորոշ է նրանով, որ այն նյութական կողմ ունի, ընկալելի է զգայարաններուվ (լսողությամբ, տեսողությամբ, շոշափելիքով), իրականության հետ համապատասխանության տեսանկյունից կարող է լինել ճիշտ կամ սխալ, կեղծ։ Այն անկրկնելի է, իրացվում է կապված հաղորդման որոշակի նպատակների հետ, հարմարեցվում է իրադրության հետ (խոսքային իրադրություն, ծավալվում է ժամանակի ու տարածության մեջ (խոսքային շղթա, դինամիկ է. արտադրողականությամբ սահմանափակ չէ, իրացվում է որոշակի անհատի կողմից, պայմանավորված է անհատի ստեղծագործական ակտիվությամբ և նպատակադրումներով։

Խոսքի արտաբերումը, հաղորդումն ու ընկալումը իրացվում են խոսքային գործարաններով, որոնց այս կամ այն վթարի հետ կապված՝ գոյանում են խոսքային խանգարումներ։

Խոսքային ապարատ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսքային ապարատը ( մարդու օրգանիզմի այն օրգանների ամբողջությունն է, որոնց աշխատանքով իրացվում է խոսքը, խոսքի կազմավորումը, արտաբերումը, հաղորդումը և ընկալումը)։

Խոսքային ախներկայանում են երեք խմբով՝ ղեկավարող, ընկալող և կատարող։ Ղեկավարող գործարանը ուղեղն է՝ համապատասխան խոսքային կենտրոններով և նյարդային ցանցով։ Ընկալող գործարանը լսողական ապարատն է՝ ականջը։ Գրավոր խոսքն ընկալվում է նաև տեսողությամբ, որոշ դեպքերում՝ շոշափելիքով։ Կատարող գործարանը արտասանական ապարատն է։

Հնչարտաբերությունը որոշակիորեն կապված է նաև խոսքային շնչառության հետ։ Հնչարտաբերության կարևորագույն օրգան են ձայնալարերը։ Խոսքային շնչառությունը, ի տարբերություն կենսաբանական շնչառության, կատարվում է հիմնականում բերանային խոռոչով։ Բերանի խոռոչում են գտնվում կարևորագույն արտասանական օրգանները՝ լեզուն, ատամնաշարը, քիմքը, լեզվակը։ Արտասանական գործընթացում չափազանց կարևոր է նաև շրթունքների դերը։ Արտասանական օրգանները բաժանվում են ակտիվ և պասիվ խմբերի։ Ակտիվ կոչվում են այն օրգանները, որոնք շարժուն են և էական դեր են խաղում հնչարտաբերության մեջ, օրինակ՝ լեզուն, շրթունքները, ձայնալարերը, փափուկ քիմքը։ Պասիվ կոչվում են այն օրգանները, որոնք անշարժ են և պակաս դեր ունեն հնչարտաբերության մեջ, օրինակ՝ ատամնաշարը, կոշտ քիմքը և այլն։

Խոսքի խանգարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսքային գործարանի որևէ խաթարում հանգեցնում է խոսքի խանգարման։ Խոսքի խանգարումը խոսողության լիակատար կամ մասնակի խափանումն է՝ կապված խոսքային կենտրոնների գործունեության որոշակի խախտման կամ արտասանական ապարատի այս կամ այն օրգանի վթարի, դեֆեկտի հետ։ Բնորոշ խանգարումներից է անխոսությունը, որը կապված է Վերնիկեի կենտրոնի գործունեության խանգարման հետ, որի արդյունքուն առաջանում է խոսքային խլություն՝ զգայական աֆազիա, երբ անձը կորցնում է իր և ուրիշի խոսքի բովանդակությունն ըմբռնելու ունակությունը։ Դրա հետ կապված առաջանում է ագրաֆիա կամ գրելազրկություն և կարդալազրկություն։ Խոսքային խանգարման մասնավոր դրսևորումներից են՝ թոթովախոսությունը, թլիկությունը, թլվատությունը, հոտենտոտիզմը, սակավախոսությունը, արագախոսությունը, կակազությունը, ռնգախոսությունը, խուլուհամրությունը և այլն։

Խոսքային խանգարումների ուսումնասիրությամբ և բուժման եղանակների մշակմամբ զբաղվող գիտակարգը կոչվում է լոգոպեդիա ։

Խոսքային գործունեությունը բարդ երևույթ է. այն ունի լեզվաբանական, հոգեբանական, ֆիզիոլոգիական, փիլիսոփայական, սոցիոլոգիական և այլ տեսանկյուններ և դիտարկվում է համապատասխան գիտակարգերի կողմից։

Խոսողական իրացումների ամբողջությունը կոչվում է խոսողություն։ Այն կարող է կատարվել միայն մեկ անձի կողմից, թեև սովորաբար իրացվում է երկկողմանի՝ խոսողի և խոսակցի (խոսակիցների) միջև։ Ըստ այդմ տարբերում են մենախոսություն և երկխոսություն ։ Առաջին դեպքում խոսողական ակտիվությունը մեկի մոտ է, երկրորդ դեպքում երկու կողմերն էլ ակտիվ են։ Մենախոսությունը միակողմանի բնույթ ունի. այն դրսևորվում է ինքնիրեն խոսելու, կամ էլ պատմելու եղանակով (զեկույց, ճառ, դասախոսություն և այլն)։ Երկխոսությունը դրսևորվում է զրույցի, հարցազրույցի, բանավեճի եղանակով։

Ըստ արտահայտման եղանակի խոսքը լինում է բանավոր կամ գրավոր, արտաքին կամ ներքին։ Տարբերում են նաև հեղինակային խոսք և ուրիշի խոսք։

Բանավոր խոսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանավոր խոսքը պատմականորեն նախորդում է գրավորին, ունի խոսակցական-արտասանական իրացում։ Պայմանավորված է խոսքային իրադրությամբ, հաղորդակցվողների փոխհարաբերությամբ, խոսողի հոգեվիճակով և այլն։ Կարևոր են նաև ուղեկցող միջոցները (միմիկա, շարժուձև և այլն)։ Հիմնականում բարձրաձայն խոսողություն է, կարող է ձայնագրվել, վերարտադրվել, հաղորդվել տեխնիկական միջոցներով (ռադիո, հեռուստատեսություն, հեռախոս)։ Արտահայտության ձևերն են՝ զրույցը, բանավեճը, դասախոսությունը, ճառը, կոչը, հայտարարությունը, երգը, չափածո և արձակ խոսքը և այլն։ Բանավոր խոսքը սահմանափակված է տարածականորեն (չհաշված տեխնիկական միջոցների գործադրումը) և ժամանակով (բանավոր միմյանց հետ կարող են հաղորդակցվել միայն ժամանակակիցները)։

Արտաքին խոսքը սովորական հնչյունական-արտասանական իրացում ունեցող խոսքն է։ Ներքին խոսքը մենախոսության այն տեսակն է, երբ խոսքը հնչյունական-արտասանական դրսևորում չունի, ուղղված չէ ինչ-որ մեկին, և եթե խոսակից էլ կա, ապա այն երևակայական է։ Գիտական, ուսուցողական և այլ շարադրանքները հենվում են հենց ներքին խոսքի վրա։ Միայն բեմական խոսքում այն կարող է ներկայացվել բարձրաձայն արտասանությամբ։

Ընթերցանությունը խոսողության այն ձևն է, երբ մեկը բարձրաձայն կամ մտքում վերարտադրում, արտաբերում է իր կամ ուրիշի գրավոր խոսքը։

Գրավոր խոսքը գրի առնված, գրավոր տեսքի վերածված խոսքն է. իրացվում է գրային պայմանական նշանների գործադրումով, ընկալվում է տեսողությամբ կամ շոշափելիքով։ Այս դեպքում խոսքային իրադրություն ստեղծվում է մտովի, ոչ իրականում։ Զուրկ է բանավորին հատուկ կառուցվածքային և ոճարտահայտչական որոշ հատկանիշներից։ Կարևոր դեր են խաղում գրության եղանակները, կետադրությունը։ Գրավոր խոսքն, ի տարբերություն բանավորի, չունի տարածական և ժամանակային սահմանափակումներ։

Ըստ ծավալի տարբերում են համառոտ խոսք և ընդարձակ խոսք։ Համառոտ խոսքը կարող է արտահայտված լինել նույնիսկ մեկ բառով։ Համառոտ են կոչերը, հայտարարությունները, առածները, ասացվածքները և այլն։ Ընդարձակ խոսք են պատմվածքը, նովելը, հոդվածը, ակնարկը, իսկ առավել ընդարձակ խոսք են վեպը, վիպակը և այլն։

Ըստ պարունակած ինֆորմացիայի բնույթի տարբերում են՝ մտավոր խոսք, զգացական խոսք, պատկերավոր խոսք, քաղաքավարական խոսք և այլն։ Մտավոր խոսքը պարունակում է մտածական, դատողական ինֆորմացիա, զգացական խոսքը` կամահուզազգացական միտումներ, երանգներ։ Պատկերավոր խոսքը բնորոշ է լեզվաարտահայտչական միջոցների գործադրմամբ։ Քաղաքավարական խոսքին բնորոշ են ոճային հատուկ երանգներ, բառեր, ձևեր, արտահայտություններ։

Հեղինակային խոսքը խոսողից կամ գրական ստեղծագործության հեղինակից սերող խոսքն է` ի տարբերություն ուրիշի և գրական հերոսների խոսքի։ Ուրիշի խոսքը խոսողի, հեղինակի կողմից պատմողաբար կամ բառացի մեջբերված խոսքն է։ Խոսակցությունը կարող է իրացվել հարցուպատասխանական եղանակով։ Հարցուպատասխանական խոսքն ունի հնչերանգային բնորոշ գծեր, ինչպես, օրինակ, հարցական և պատասխանական բառեր, հնչերանգային համապատասխան կաղապարների գործադրում և այլն։

Ըստ գործառական ոլորտների տարբերում են խոսքի հետևյալ տեսակները. առօրյա, կենցաղային, գործնական, պաշտոնական, բանաստեղծակա, մասնագիտական, հրապարակախոսական, ճարտասանական, բեմական, գրական, բարբառային և այլն։

Խոսքի մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսքի մշակույթը (կուլտուրան) բանավոր և գրավոր խոսքի հնչյունաբանական, բառագիտական, քերականական, ոճագիտական նորմերին տիրապետելը և դրանք ըստ նպատակադրման՝ տեղին գործածելն է։ Խոսքի մշակույթը ձեռք է բերվում համառ և հետևողական աշխատանքի արդյունքում և կարևորագույն դեր է խաղում մարդու ընդհանուր զարգացման հարցում։ Խոսքի մշակույթի լավագույն օրինակ են հանդիսանում դասական գրողները, գիտնականները, հրապարակախոսները, արվեստի գործիչները, հմուտ ուսուցիչները։ Գեղեցիկ խոսելու համար պետք է տիրապետել լեզվի հնչարտաբերական սկզբունքներին, կանոններին, խուսափել օտարաբանություններից, անհարկի բարբառայնությունից, գռեհկաբանությունից և այլն։

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Խոսք հոդվածին
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, էջ 280
Ընթերցե՛ք «խոսք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 79
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy