Հանրապետական օրացույց (ֆր.՝ calendrier républicain français), Ֆրանսիայի հեղափոխական օրացույց (calendrier révolutionnaire français), հաստատվել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, Ազգային կոնվենտի1793 թվականի հոկտեմբերի 5-ի հրամանագրով։ Մշակել է ժողովրդական կրթության կոմիտեն Շառլ-Ժիլբեր Ռոմի ղեկավարությամբ։ Հանրապետական օրացույցը վերացրեց քրիստոնեական թվարկությունը և հաստատեց նորը, որի 1-ին օրը՝ 1792 թվականի սեպտեմբերի 22-ը, Հանրապետության հռչակման օրն էր։
Ըստ Հանրապետական օրացույցի տարին բաժանվում էր 30-օրյա 12 ամիսների, ամիսները՝ 3 տասնօրյակների։ 360 օր հետո՝ 5 (նահանջ տարում՝ 6) «լրացուցիչ» օրերի («սանկյուլոտային»), որոնք, ինչպես նաև տասնօրյակների վերջին օրերը, հանգստյան օրեր էին։ Հաստատվեցին ամիսների նոր անուններ՝ համապատասխան եղանակի առանձնահատկությունների։ Աշնան ամիսներն էին՝ վանդեմիեր, բրյումեր, ֆրիմեր, ձմռան՝ նիվոզ, պլյուվիոզ, վանտոզ, գարնան՝ ժերմինալ, ֆլորեալ, պրերիալ, ամռան՝ մեսսիդոր, տերմիդոր, ֆրյուկտիդոր։ Շաբաթվա օրերին տրվեցին լատինական թվերից ծագող անուններ, պրիմիդի (1-ին օր), դուոդի (2-րդ օր), տրիդի (3-րդ օր) և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 228)։