Մարզական կառույցներ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Մարզական կառույց, առանձին շենքեր և համալիր կառույցներ, որոնք նախատեսված են կազդուրիչ և ուսումնամարզական պարապմունքների, տարբեր մարզաձևերի մրցումների համար։ Մարզական կառույցների նախատիպ են անտիկ պալեստրաներն ու գիմնասիոնները, ստադիոնները, ձիարշավարաններն ու կրկեսներր։
Հին Հռոմի ամֆիթատրոններում արտահայտվեց ստադիոնի ու կրկեսի միավորման գաղափարը, իսկ հին հունական պալեստրաների տաքացվող ջրով լողարաններն իրենց զարգացումն ստացան հին հռոմեական թերմերում։ Քրիստոնեության տարածումով, որը մերժում էր ներդաշնակ զարգացած մարդկային մարմնի պաշտամունքը, մարզական կառույցների շինարարությունը փաստորեն դադարեց և վերսկսվեց միայն 19-րդ դարում։ 1828-1830 թվականներին կառուցվեցին առաջին արհեստական լողավազանները, իսկ դարակեսին՝ մարմնամարզական դահլիճները։ Մարզական կառույցների շիննարարության ծավալմանը նպաստեց օլիմպիական խաղերի վերածնունդը (1896)։
ժամանակակից մարզական կառույցներ սպասարկում են բազմաթիվ մարզաձևերի։ Բաղկացած են՝ հիմնական (մարզասրահ, դաշտ, հրապարակ) և օժանդակ (հանդերձարան, ցնցուղարան, խաղավարների սենյակներ, գույքի պահասենյակներ և այլն), հանդիսատեսներին սպասարկող (տրիբունա, ճեմասրահ, բուֆետ, սանհանգույցներ և այլն) և ինժեներական սարքավորումների (ջրամատակարարման, ջեռուցման, էլեկտրամատակարարման և այլն) շահագործման տեխնիկական կառույցներից։ Մարզական կառույցներ լինում են՝ բաց և ծածկած։ Առանձին՝ մեկ կամ մի քանի մարզաձևերի սպասարկելու համար (օրինակ, մարմնամարզության և մարզական խաղերի ունիվերսալ սրահներ), և համալիր՝ բաղկացած նույն տարածքում գտնվող մի քանի մասնագիտացված կառույցներից՝ տարբեր մարզաձևերի համար։ Առանձին բաց մարզական կառույցներ են՝ թեթևաթլետիկական ու մարզախաղերի դաշտերը, հրապարակները, լողավազանները, թիավարության ջրանցքները, դահուկային ու սահնակային ուղիները, սահադաշտերը, հրաձգարանները, հեծանվահրապարակները, ցատկահարթակները և այլն։ Համալիր բաց կառույցներն են՝ մարզադաշտերը՝ խաղադաշտով ու խաղահրապարակներով, ձիասպորտային բազաները և այլն։ Ծածկած առանձին մարզական կառույցներ են՝ տարբեր մարզասրահները, թեթևաթլեաիկական ու մարզական խաղերի մանեժները, ջրավազանները, սահադաշտերը, կորտերը և այլն։ Ծածկված համալիր մարզական կառույցներից են բազմասրահ մասնաշենքերը, ունիվերսալ մարզասրահները, ծածկած մարզադաշտերը և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 311)։ |