Մինդովգ, Մինդաուգաս (մոտ 1203[1], Լիտվա - ոչ վաղ քան սեպտեմբերի 12, 1263 և ոչ ուշ քան դեկտեմբերի 10, 1263, Լիտվա), լիտվական մեծ իշխան (1230-ական թվականների վերջից մինչև 1263 թվականը)։ Միավորել է լիտվական մի շարք հողեր, իրեն ենթարկել ռուսական քաղաքներ Նովգորոդոկը, Մլոնիմը, Վոլկովիսկը, արշավել է Լիվոնյան օրդենի դեմ և պարտվել։ 1250 թվականին փոխզիջման է գնացել օրդենի հետ, ընդունել կաթոլիկություն (1251) և թագադրվել պապի անունից։ Բայց, պատրաստվելով նոր մարտերի օրդենի դեմ, մոտ 1253 թվականին պայմանագիր է կնքել Գալիցիայի իշխան Դանիլի հետ, վերականգնել և ամրապնդել կապերը Վլադիմիր-Սուզդալյան մեծ իշխան Ալեքսանդր Նևսկու հետ։ 1260 թվականին լիտվական զորքերը Մինդովգիի առաջնորդությամբ Դուրբե լճի մոտ պարտության են մատնել Լիվոնյան և Տևտոնյան օրդենների զորքերին ու նրանց դաշնակիցներին։ Մինդովգը հրաժարվել է կաթոլիկությունից։ Սպանվել է դավադիր ֆեոդալների ձեռքով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 557)։