Jump to content

Շոգեկաթսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շոգեկաթսա սարք, որտեղ վառելիքի այրման ջերմության հաշվին ջուրը փոխակերպվում է գոլորշու։ Շոգեկաթսան իր բոլոր հարմարանքներով կոչվում է նաև կաթսայական ագրեգատ։ Շոգեկաթսաները հիմնականում լինում են՝ արդյունաբերական, որտեղ արտադրվում է համեմատաբար ցածր պարամետրերի (ճնշում, ջերմաստիճան) գոլորշի (արտադրության ու այլ կարիքների համար) և էներգետիկական, որտեղ արտադրվում է բարձր պարամետրերի գոլորշի (ճնշումը մինչև 26 Մպա, ջերմաստիճանը՝ մինչև 570°C, օգտագործվում է առավելապես ջերմաէլեկտրակայաններում)։

Արդյունաբերության մեջ շոգեկաթսաները ներդրվել են 18-րդ դարի սկզբներից։ Նրանց կոնստրուկցիաներն աստիճանաբար կատարելագործվել են, և 20-րդ դարի սկզբին արդեն տարածում են գտել ուղղաձիգ ջրախողովակային կաթսաները (մեկ կամ երկու թմբուկով)։ Վառելիքն այրվում է շոգեկաթսայի հնոցում, որտեղ այրման արգասիքների (ծխագազերի) ջերմության մի մասը հաղորդվում է (հիմնականում ճառագայթման եղանակով) էկրանային խողովակներում շրջանառություն կատարող ջրին։ Հնոցից այրման արգասիքներն ուղղվում են դեպի ծխանցքերը և ողողում այդտեղ տեղադրված տաքացման կոնվեկտիվ մակերևույթները։ Դրանք խողովակափնջեր են, իրար հետ միացած կոլեկտորների կամ թմբուկների միջոցով։ Այնուհետև այրման արգասիքները (ջերմաստիճանը 600—700°C) ողողում են ջրային էկոնոմայզերը (որտեղ Շոգեկաթսայի սնող ջուրը նախապես տաքացվում է), հաճախ նաև օդատաքացուցիչը (որտեղ այրման համար հնոց մատուցվող օդն է տաքացվում), հովանում են մինչև 130—180°C և ծխնելույզով արտամղվում դեպի մթնոլորտ։ Այրման արգասիքների շարժումը գազային տրակտում (հնոց-ծխանցքեր-ծխնելույզ) և արտանետումը դեպի մթնոլորտ տեղի են ունենում հատուկ օդափոխանակիչների՝ ծխաքարշերի օգնությամբ։ Մոխրառատ և ծծմբառատ վառելիքների այրման դեպքում դեպի մթնոլորտ արտամղվող այրման արգասիքները նախապես մաքրվում են մոխրից և ծծմբի միացություններից հատուկ հարմարանքների օգնությամբ։ Շոգեկաթսայում ստեղծվում է ջրի և առաջացող շոգեջրային խառնուրդի շարժում, որն ապահովում է տաքացման մակերևույթների հովացումը և գոլորշու առաջացման ինտենսիվությունը։ Շատ ավելի տարածված են բնական շրջանառության շոգեկաթսաները, այստեղ շոգեջրային խառնուրդի շրջանառությունը տեղի է ունենում շնորհիվ այն բանի, որ ուժեղ տաքացվող խողովակներում (վերամբարձ) այդ խառնուրդի խտությունը շատ ավելի փոքր է, քան թույլ տաքացվող խողովակներում (իջուցիկ)։ Վերամբարձ խողովակներով դեպի թմբուկ բարձրացող շոգեջրային խառնուրդից գոլորշին անջատվում է փոքր խտության շնորհիվ և լցնում թմբուկի վերին կեսը՝ գոլորշու ծավալը։ Գոլորշու անջատումն արագացնելու համար թմբուկում տեղադրվում են ներթմբուկային հատուկ զատիչ հարմարանքներ։ Նման շոգեկաթսայում էկոնոմայզերից վերին թմբուկ մատուցվող ջուրը լրիվ գոլորշու փոխակերպվելու համար պետք է 10÷200 անգամ շրջապտույտ կատարի (այդ մեծությունը կոչվում է շրջանառության բազմապատիկ)։ Որքան մեծ է շրջանառության բազմապատիկը, այնքան շատ է ջրի պաշարը, հետևաբար մեծ են նաև թմբուկի և շոգեկաթսաի չափերը։ Գերբարձր ճնշման շոգեկաթսայում խիստ նվազում է ջրի և նրա գոլորշու խտությունների տարբերությունը, ուստի բնական շրջանառությունը և զատումը դառնում են անհնարին։ Բարձր և գերկրիտիկական պարամետրերով հզոր շոգեկաթսաներում (ճնշումը՝ 14÷26,0 Մպա, ջերմաստիճանը 565—585°C, արտադրողականությունը՝ 325—695 տ/ժ) շրջանառությունն իրականացվում է հատուկ պոմպերով (հարկադրական շրջանառության շոգեկաթսա), իսկ ավելի հաճախ շրջանառություն չի կատարվում, սնող ջուրը շարժվելով, հաջորդաբար տաքանում է, գոլորշիանում և գերտաքանալով մատուցվում սպառողիև՝ շոգետուրբինին։ Այս տիպի շոգեկաթսաները կոչվում են ուղղահոս, ունեն փոքր չափեր (չկա ջրի պաշար, ուստի և՝ թմբուկներ) և ներկայացնում են խողովակների համակարգ։ Ժամանակակից շոգեկաթսաները սարքավորված են բազմաթիվ չափիչ և հսկիչ գործիքներով, ավտոմատ, կառավարման համակարգերով ու սարքերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 536
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy