Jump to content

Պերու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերու
Perú
Պերուի դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն
Ներառում էԱմազոնաս, Անկաշ, Apurimac Department?, Արեկիպա, Ayacucho Department?, Կախամարկա, Cuzco Department?, Ուանկավելիկա, Huanuco Department?, Ica Department?, Junin Department?, Լա Լիբերտադ, Lambayeque Department?, Լորետո, Madre de Dios Department?, Մոքեգուա, Pasco Department?, Piura Department?, Պունո, Սան Մարտին տարածաշրջան, Tacna Department?, Tumbes Department?, Ucayali Department?, Լիմա և Կալյաո
Պետական լեզուիսպաներեն, Aymara? և կեչուա լեզուներ
ՄայրաքաղաքԼիմա
Պետական կարգՆախագահական համակարգ
Օրենսդիր մարմինCongress of the Republic of Peru?
Երկրի ղեկավարԴինա Բոլուարտե
Կառավարության ղեկավարԴինա Բոլուարտե
Մակերես1 285 216 կմ²
Ազգաբնակչություն33 726 000 մարդ (2023)[1]
Խտություն23 մարդ/կմ²
ՀիմնՊերուի օրհներգ
ԿարգախոսFirme y feliz por la unión, Firm and Happy for the Union, Твърди и радостни за съюза, Land of the Incas, 연합을 위한 확고한 행복하다 և Gwlad yr Inca
Հիմնադրված էհուլիսի 28, 1821 թ.
ԱրժույթՊերուական սոլ
Կենտրոնական բանկՊերուի կենտրոնական պահուստային բանկ
Ազգային տոնFiestas Patrias?
Ժամային գոտիUTC-5
Հեռախոսային կոդ+51
Ինտերնետ-դոմեն.pe
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,762[2]
gob.pe

Պերու (պաշտոնական անվանումը Պերուի Հանրապետություն ) (իսպ.՝ Perú, քեչուա և այմարա՝ Piruw), պետություն Հարավային Ամերիկայում։ Հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Էկվադորի, հյուսիսում՝ Կոլումբիայի, արևելքում՝ Բրազիլիայի, հարավ-արևելքում՝ Բոլիվիայի և Չիլիի հետ։ Արևմուտքում Պերուի ափերը ողողում են Խաղաղ օվկիանոսի ջրերը։

Պերուում մարդու բնակության առաջին հետքերը մ․ թ․ ա․ VIII հազարամյակից են։ Մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջին - մ․ թ․I հազարամյակում ստեղծվել են ցեղային և պետական տարբեր կազմավորումներ։ 15-րդ դարում հնդկացի ցեղերի կոնֆեդերացիան ինկերի գլխավորությամբ իրեն է ենթարկել հարևան ցեղերին և պետական կազմավորումները, դարձել (1438) կաստայական պետություն՝ Տաուանտինսույու անունով, 8-15 մլն բնակչությամբ։ 16-րդ դարի սկզբին ափ ելած իսպանացի կոնկիստադորները, Ֆ․Պիսառոյի և Դ․ Ալմագրոյի գլխավորությամբ 1532-1536 թվականներին գրավել են Տաուանաինսույուն։ Հնդկացիները հաճախ ապստամբել են գաղութարարների դեմ։ Թեև իսպանացի իշխանությունները խոչնդոտել են գաղութի տնտեսական զարգացումը, այնուամենայնիվ Պերուում զարգացել են մանուֆակտուրային արտադրությունը, լեռնահանքային արդյունաբերությունը։ Հանքերում աշխատելու համար Աֆրիկայից ներմուծել են նեգր ստրուկներ։ Ամերիկայի իսպանական գաղութներում 1810 թվականին սկսված պատերազմի հետևանքով Պերուն հռչակվեց (1821) անկախ։ 1825 թվականին Պերուի հարավարևելյան մասը՝ Վերին Պերու, առանձնացվեց իբրև ինքնուրույն հանրապետություն Բոլիվիա։ 1879-1883 թվականներին մի կողմից Չիլիի, մյուս կողմից Պերուի և Բոլիվիայի միջև մղված պատերազմի հետևանքով Պերուն կորցրեց Տարապակա և Արիկա մարզերը։ Օգտվելով Պերուի պարտությունից՝ օտարերկրյա մոնոպոլիստները Պերուին պարտագրեցին ստրկացուցիչ համաձայնագրեր և տիրեցին բնական հանածոներով (նավթ, պղինձ և այլն) հարուստ տարածքների զգալի մասին, բամբակի, շաքարեղեգի պլանտացիաներին, արդյունաբերական ձեռնարկություններին։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը լայն թափ հաղորդեց Պերուի գյուղացիների, բանվորների, հայրենասիրական ուժերի պայքարին։ 1928 թվականին Կ․ Մարիատեգիի ղեկավարությամբ հիմնվեց Պերուի կոմունիստական կուսակցությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ժամանակ Մ․ Պրադոի Ուգարտեչեի կառավարությունը երկրում հակաֆաշիստական շարժման ազդեցության տակ 1942 թվականին խզեց հարաբերությունները Գերմանիայի և Իտալիայի հետ, իսկ 1945 թվականին պատերազմ հայտարարեց նրանց։ 1941-1942 թվականներին Էկվադորի դեմ պատերազմի հետևանքով Պերուն իրեն միացրեց Ամազոնկայի ավազանում վիճելի տարածքի մեծ մասը։ ՊԿԿ-ի նախաձեռնությամբ 1943-1944 թվականներին ստեղծվեցին Պերուի աշխատավորների կոնֆեդերացիան) Պերուա-սովետական մշակութային ասոցիացիան և Ազգային դեմոկրատական ճակատը, որը հաղթեց 1945 թվականի նախագահական ընտրություններում։ 1968 թվականի հոկտեմբերին իշխանության գլուխ անցան հայրենասիրորեն տրամադրված զինվորականները՝ գեներալ Ի․ Վելասկո Ալվարադոյի գլխավորությամբ։ Նոր կառավարությունն իրականացրեց հակաիմպերիալիստական և հակաօլիգարխիական հեղափոխական վերափոխումներ, ազգայնացրեց ամերիկյան մոնոպոլիաների ձեռքին գտնվող նավթահանքերը, ստեղծեց նավթային պետական ընկերություն, վերացրեց կոնցեսիաները, ազգայնացրեց լեռնահանքային մի շարք ձեռնարկություններ, արդյունաբերության շատ ճյուղերում ստեղծվեցին պետական ընկերություններ, հսկողություն սահմանվեց արտաքին առևտրի, բանկերի, ֆինանսական համակարգի, կոմունիկացիաների, կապի վրա, սկսեց իրագործվել հողաջրային ռեֆորմ։ Պերուում ստեղծվեց տնտեսական 4 սեկտոր՝ պետական, ռեֆորմացված մասնավոր, հասարակական, մանր սեփականատիրական։ Կառավարությունը վարեց աշխատավորների կենսամակարդակի բարձրացման, գործազրկության կրճատման, ժողովրդական կրթության համակարգի դեմոկրատացման, արտաքին ասպարեզում՝ անկախ, խաղաղասիրական քաղաքականություն։ 1975 թվականին նախագահ նշանակվեց գեն․ Ֆ․Մորալես Բերմուդեսը, որը հայտարարեց նախորդ կառավարության քաղաքական կուրսը շարունակելու մասին։ 1980 թվականին ընդունվեց սահմանադրություն, որով երկրում հաստատվեց քաղաքացիական վարչություն, Նախագահ ընտրվեց Ֆ․ Բելաունդե Տերրին։

Պետական կարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուն հանրապետություն է։ 1980 թվականի հուլիսից երկրում վերականգնվել է կառավարման սահմանադրական ձևը։ Պետության և կառավարության գլուխը նախագահն է։ Օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը երկպալատ կոնգրեսն է, կառավարությունը՝ Նախարարների խորհուրդը

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ բնական պայմանների առանձնահատկությունների Պերուն բաժանվում է առափնյա շերտ կամ Կոստա (արևմուտքում), լեռնային, գլխավորապես տափաստանային կամ Միեռա (կենտրոնական մասում) և արևելյան նախալեռների ու հարթավայրերի խոնավ անտառների կամ Մելվա ֆիզիկա-աշխարհագրական մարզերի։ Կոստան կամ առափնյա հարթավայրերի շերտը, 80—180 կմ լայնությամբ, գրավում է երկրի տարածքի 12,5%-ը։ Միեռան (երկրի տարածքի 30,2%-ը) ընդգրկում է Պերուական Անդերը՝ Արևմտյան Կորդիլիերաներ, Կենտրոնական Կորդիլիերաներ և Արևելյան Կորդիլիերաներ լեռնաշղթաներով։ Արևմտյան Կորդիլիերաներն ունեն մինչև 6768 մ բարձրություն (Ուասկարան լեռ)։ Կան գործող և հանգած հրաբուխներ (Սոլիմսնա, Միստի և այլն), 3000—4000 մ բարձրությամբ միջլեռնային սարավանդներ ու սարահարթեր։ Առավելապես հարթավայրային, գետային խիտ ցանցով Սելվան (երկրի տարածքի ավելի քան 1 /2-ը) ընդգրկում է Ամազոնի դաշտավայրի արևմտյան մասն ու Լա Մոնտանյա նախալեռնային հարթավայրը։ Պերուի արևելյան մասը մտնում է Հարավ-Ամերիկյան պլատֆորմի Ամազոնյան սինեկլիզի մեջ, որը կազմված է ցամաքային և ծովային նստվածքներից։ Անդերի ծալքավոր կառուցվածքում առանձնանում են ցամաքային նստվածքներով Արևելյան Կորդիլիերաները, Ալտիպլանո միջլեռնային իջվածքը Տիտիկակա լճի հետ և Արևմտյան Կորդիլիերաները՝ կազմված ցամաքային ու հրաբխային նստվածքներից և գրանիտոիդային բաթոլիտներից։ Առափնյա զոնան կազմված է նստվածքային-հրաբխածին ապարներից։

Օգտակար Հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան նավթի, պղնձի, պղինձ-բագմամետաղային, կապարի, ցինկի հանքավայրեր։

Կլիման Կոստայում և Անդերի արևմտյան լանջերին անապատային է՝ համարյա առանց տեղումների։ Միջին ամսական ջերմաստիճանը 15—25 °C է։ Սիեռայի հյուսիսում կլիման բարձրլեռնային, խոնավ ամառային, մերձհասարակածային է (տարեկան մինչև 1000 մմ տեղումներով), հարավում՝ արևադարձային (700—800 մմ տեղումներով)։ Միջին ամսական ջերմաստիճանը սարահարթերի հյուսիսում 12—16 °C է, հարավում՝ 5—9 °C։ Խիստ մեծ են ջերմաստիճանի օրական տատանումները (մինչև 20 °C), Անդերի արևելյան լանջերին և Սելվայում՝ հասարակածային, մշտապես խոնավ կլիմա է։ Ջերմաստիճանը հարթավայրերում ամբողջ տարին 24—27 °C է, տեղումները՝ մինչև 3000 մմ։

Գետերի մեծ մասը պատկանում է Ամազոնի ավազանին։ Խոշոր գետերն են Մարանիոնը և Ուկայալին։ Անդերի արևմտյան լանջերից սկիզբ են առնում և Խաղաղ օվկիանոս թափվում բազմաթիվ սակավաջուր գետեր (Պյուրա, Սանտա, Տումբես, Չիրա ե այլն)։ Պունա սարահարթում է գտնվում Տիտիկակա լիճը։

Հողաբուսական ծածկույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողաբուսական ծածկույթը Կոստայում աղքատ է։ Անդերի արևմտյան լանջերին տեղ-տեղ կան թփուտներ և կակտուսներ։ Ներքին սարահարթերում, հյուսիսում ու արևելքում լեռնատափաստանային հողերի վրա տարածված են բարձրլեռնային, արևադարձային տափաստանները (խալկա), հարավ-արևելքում՝ կիսաանապատները (Պունա), Անդերի արևելյան լանջերին և Սելվայում՝ խոնավ մշտականաչ անտառները թանկարժեք ծառատեսակներով (կաուչուկատու, քինաքինայի ծառեր, կոկա ե այլն)։

Կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանական աշխարհը երկրի արևմտյան մասում աղքատ է։ Երբեմն հանդիպում են ամերիկյան հովազ, լամա, կապիկներ, միջատակեր, համրագնաց, գետակինճ ե այլն։ Ափամերձ ջրերը հարուստ են ձկներով։ Շատ են թռչունները։ Ստեղծվել է Պամպա դե Գալերաս ազգային պարկը։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուի վարչական բաժանումը հաճախ էր փոխվում, սկսած այն ժամանակից, երբ երկիրն անկախացավ Իսպանիայից XIX դարի սկզբում։ Հին շրջանները ենթարկվել են ռեֆորմների, կամ լիկվիդացվել են։ Մինչև 2002 թվականը Պերուն բաժանված էր եղել 24 դեպարտամենտների - մինչև նոր երկրամասերի կազմավորումը։ 2002

թվականի նոյեմբերի 18-ին երկրի տարածքը բաժանված է եղել 25 երկրամասերի։ Այդ երկրամասերը բաժանվում են նահանգների (պրովինցիաների), որոնք իրենց հերթին բաժանված են շրջանների։ Այդպիսով, Պերուում գոյություն ունի 25 երկրամաս, 195 նահանգ և 1833 շրջան։ Մայրաքաղաք Լիման գտնվում է երկրի ափի կենտրոնական մասում և կազմում է առանձին նահանգ։ Լիմա նահանգի յուրահատկությունն այն է, որ այն չի մտնում այն 25 երկրամասերի կազմի մեջ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության մոտ կեսը իսպանախոս պերուացիներ են, մնացածը՝ հնդկացիներ (գլխավորապես կեչուա և այմարա Ժողովուրդներ)։ Կան նաև ճապոնացիներ, չինացիներ, եվրոպացիներ[3]։ Միջին խտությունը 1 կմ2 վրա մոտ 24 մարդ է, տնտեսապես ակտիվ բնակչությունը՝ 16,5 մլն (2014[4])։ Պաշտոնական լեզուներ են իսպաներենը և կեչուան, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը, տոմարը՝ գրիգորյանը։ Հնդկացի որոշ ցեղերի մոտ քրիստոնեությունը միահյուսվում է տեղական հավատալիքների հետ։ Քաղաքային բնակչությունը 78,6% է (2014[5])։ Խոշոր քաղաքներն են Լիման, Արեկիպան, Կալյաոն, Տրուխիլիոն, Պյուրան։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուն զարգացած հանքարդյունահանող և ձկնային արդյունաբերությամբ ագրարային երկիր է։ Համաշխարհային շուկայում Պերուն բիսմութի, արծաթի, ցինկի, կապարի, պղնձի խոշորագույն մատակարար է։ Մինչև 1960-ական թթ․ վերջը տնտեսության մեջ կարևոր դեր ուներ օտարերկրյա կապիտալը։ 1968 թվականից հետո երկրում կատարվեցին սոցիալ-տնտեսական վերափոխումներ։ Պետության հսկողության տակ անցան ազգային հանքային հարստությունների շահագործումն ու արտահանումը։ 1969 թվականին անցկացվեց ագրարային-ջրային ռեֆորմ։ Ստեղծվել է պետական սեկտոր։ Ազգայնացվել են արդյունաբերության մի շարք ճյուղեր (նավթի, հանքարդյունահանող, էներգետիկայի, ձկնեղենի և այլն)։ Կազմակերպվում են գյուղատնտեսական կոոպերատիվներ։

Արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերության առաջատար ճյուղը հանքարդյունահանող արդյունաբերությունն է։ Հիմնական շրջաններն են Սիեռայի կենտրունական մասը և Կոստայի հարավ-արևմուտքը։ Զարգացած է սև և գունավոր մետաղագործությունը։ Լոբոս դե Տիեռա, Չինչա կղզիներում կա թռչնաղբի (գուանոյի) շահագործում։ Մշակող արդյունաբերության կարևոր ճյուղը սննդարդյունաբերությունն է, որում առանձնանում է ձկնալյուրի (գլխավորապես անչոուսներից) արտադրությունը։ Կան նավթավերամշակման, թաղանթ անյութի-թղթի, տեքստիլ, քիմիական, շինանյութերի արդյունաբերության, նավաշինական և ավտոհավաքման ձեռնարկություններ։ 1980 թվականին արտադրվել է մոտ 38,4 մլրդ կվտ/ժ[6] էլեկտրաէներգիա։ Մշակող արդյունաբերության արտադրանքի մոտ 70%-ը տալիս են Լիմա և Կալյաո քաղաքները։ Արդյունաբերական կարևոր կենտրոններն են նաև Չիմբոտեն, Պուերտո Սուպեն, Իլոն, Օրոյան, Տալարան ե այլն։

Գյուղատնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համախառն Ներքին Արդյունքի մեջ գյուղատնտեսության բաժինը կազմում է շուրջ 7,1%[7], Գյուղատնտեսության բնագավառում է աշխատում երկրի բնակչության շուրջ 26%-ը[7] Մշակվող հողատարածությունները կազմում են երկրի տարածքի 2,3%ը, մարգագետիններն ու արոտավայրերը՝ 21,4%-ը։ Գյուղատնտեսական հիմնական կուլտուրաներն են բամբակենին, շաքարեղեգը, բրինձը, ցորենը, կարտոֆիլը, եգիպտացորենը, գարին, սորգոն, գետնանուշը և ծխախոտը։ Զարգացած են բանջարաբուծությունը, բոստանային կուլտուրաների մշակումը, այգեգործությունն ու պտղաբուծությունը։

Ավտոճանապարհների երկարությունը 140,672 կմ[8] է (կոշտ ծածկով՝ 18,699 կմ[8]), երկաթուղիներինը՝ 1854 կմ[8] է։ Առևտրական նավատորմիղի տոննաժը 826 hq․ բրուտո ռեգ․ ա է (2014)։ Ամազոն գետում ու վտակներում և Տիտիկակա լճում կա նավարկություն։ Գլխավոր նավահանգիստներն են Սան Նիկոլասը, Կալյաոն և Չիմբոտեն։ «Աերոպերու» պետական ավիաընկերությունն իրականացնում է միջազգային և ներքին փոխադրումները։

Արտաքին տնտեսական կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուն արտահանում է պղինձ, ոսկի, կապար, ցինկ, անագ, երկաթ հանքաքար, մոլիբդեն, արծաթ, նավթի և նավթամթերքների, գազ, սուրճ, ծնեբեկ և այլ բանջարեղեն, միրգ, հագուստի և տեքստիլ, ձուկ, քիմիկատներ[9]։ Ներմուծում է Նավթամթերքներ, Քիմիկատներ, Պլաստմասա, հումք և կիսաֆաբրիկատներ, մեքենաներ, սարքավորումներ, շինանյութ, պարեն[9]։ Արտաքին սանտրում մեծ տեսակարար կշիռ ունեն ԱՄՆ, Չինաստանը, Ճապոնիան, Բրազիլիան, Չիլին[9]։ Անդամակցում է Ազատ Առևտրի Լատինաամերիկյան Միությանը։

Առողջապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 2013—2014 թվականներին տարեկան ծնունդը կազմել է 18,28[10], մահացությունը՝ 6[10]։ Տարածված են վարակիչ հիվանդությունները (տուբերկուլոզ, տիֆեր և պարատիֆեր, դիզենտերիա և մանկական վարակիչ հիվանդություններ)։ 1970 թվականին կատարվել է բնական ծաղկի դեմ վակցինացում։ Գոյություն ունի առողջապահության խառը համակարգ, պետական բուժսպասարկման հիմնարկների հետ մեկտեղ գործում են հասարակական և մասնավոր տարբեր կազմակերպություններ։

Լուսավորություն և գիտական հիմնարկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականից կրթական համակարգում իրականացվում է դեմոկրատական բնույթի ռեֆորմ, մտցվում է նոր համակարգ, նախադպրոցական ուսուցում (մինչև 6 տարեկաններ), անվճար և պարտադիր 9-ամյա, հիմնական կամ բազային դպրոց (3 փուլով), որը տալիս է նաև պրոֆտեխնիկական գիտելիքներ, պատրաստում աշխատանքային գործունեության, բարձրագույն կրթություն։ 1973 թվականից մասսայական միջոցառումներ են իրականացվում մեծահասակների անգրագիտությունը վերացնելու համար։ Կա շուրջ 35 համալսարան (ավելի քան 30%-ը մասնավոր), խոշորներից են (պետական) Լիմայի «Սան Մարկոս» ազգային (հիմնադրվել է 1551 թվականին), Ազգային ինժեներական (1955), Արեկիպայի «Սան Ագուստին» ազգային (1828) համալսարանները։ Խոշորագույն գրադարաններից են․ Ազգայինը (հիմնադրվել է 1821 թվականին, ավելի քան 506 հզ․ գիրք, 167 հզ․ ձեռագիր), «Սան Մարկոս» համալսարանի (400 հզ․ գիրք), Ազգ․ ինժեներ․ համալսարանի (156 հզ․ գիրք)։ Խոշոր թանգարաններից են․ Պատմության ազգային (հիմնադրվել է 1921 թվականին), Պերուական մշակույթի ազգային (1946), Մարդաբանության և հնէաբանության (1938), բնապատմական, «Խավեր Պրադո» (բոլորն էլ՝ Լիմայում)։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին կազմակերպված գիտական հիմնարկներից են․ Ազգային բժշկական (հիմնադրվել է 1884 թվականին), Լեզվի պերուական (1887) ակադեմիաները, Լիմայի աշխարհագրական ընկերությունը (1888) և ուրիշներ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուի գրականությունը զարգանում է առավելապես իսպաներեն։ Պերուի նախագաղութային շրջանի գրական հիմնական հուշարձանը ժողովրդական դրաման է՝ կեչուա լեզվով («Օլյանտայ», հրտ․ 1853)։ XVII—XVIII դդ․ զարգացավ կուրտուազական, կրոնական-փիլիսոփայական, լուսավորական պոեզիան և արձակը (Դ․ դե Օխեդա, 1571—1615 և ուրիշներ)։ Գաղութային շրջանի բանահյուսությունը հագեցավ հակաիսպանական տրամադրությամբ։ Անկախության (1821) առաջին տարիներին Պերուի գրականությունը գլխավորապես արտացոլել է պահպանողական և ազատամիտ գաղափարների պայքարը (Ֆ․ Պարդոի Ալիագա, 1806—1868)։ Ազգային թատրոնի հիմնադիր Մ․ Ասենսիո Սեգուրան (1805—1871) իր կենցաղային կատակերգություններում («Պեպա», հրտ․ 1953 և այլն) հանդես է եկել պերուական զինվորականության և գաղութատիրության մնացուկների դեմ։ 1840-ական թթ․ վերջին Պերուում զարգանում էր ռոմանտիզմը (Կ․ Ա․ Սալավերի, 1830—1890, Խ․ Ա․ Մարկես, 1832-1903, Խ․ Ա․ Լավալյե, 1833—1893, Ֆ․ Կասոս Ֆլորես, 1828—1881 և ուրիշ բանաստեղծներ ու վիպասաններ)։ Ռոմանտիկական արձակը իր մեջ կրում էր կոսաումբրիզմի տարրեր, որը նշանավորում էր անցումը ռեալիզմին։ Առաջին համաշխարհային պատերազմից (1914—1918) և Ռուսաստանում հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից (1917) հետո Պերուի գրականությունը հագեցավ մերկացնող միտումներով (Ա․ Վալդելոմար, 1888—1919)։ XX դ․ 20-ական թթ․ 2-րդ կեսին տարածվեց գլխավորապես ձախ կողմնորոշման ավանգարդային պոեզիան։

Ճարտարապետություն և կերպարվեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուի մշակույթը ամենահինն ու զարգացածն է Հարավային Ամերիկայում։ Մ․ թ․ ա․ XII դարից հայտնի էր խեցեգործությունը, մ․ թ․ ա․ I հազարամյակից զարգացել են խաղաղ օվկիանոսի առափնյա շրջանների (Պարակաս, Սալինար և այլն) ինչպես և լեռնային մարզերի (Չավին-դե-Ուանտար կենտրոնով) մշակույթները։ Մ․ թ․ սկզբին կազմավորվել են վաղ դասակարգային հասարակության մշակույթներ (Նասկա, Մոչիկա՝ Մոչե կենտրոնով, Չիմու՝ Չան-Չան կենտրոնով), որոնք XV դ․ փոխարինվել են ինկերի պետության մշակույթով (մայրաքաղաք՝ Կուսկո)։ Հին Պերուում կառուցվել են ուղղանկյուն թաղամասերով և նեղ փողոցներով քաղաքներ, պաշտամունքային կենտրոններ, ամրոցներ, պալատներ, տաճարներ, ամֆիթատրոններ, աստիճանաձև բուրգեր և այլն։ Առափնյա մասերում ոչ բարձր շինությունները ադոբայից էին՝ զարդարված բարձրաքանդակներով, ինտերիերում՝ որմնանկարներով, իսկ լեռներում՝ քարից (Մաչու—Պիկչու և Սակսաուաման ամրոցները)։ Պահպանվել են հազվագյուտ խեցեգործական իրեր, դեկորատիվ գործվածքներ, ոսկյա և արծաթյա արձանիկներ, դիմակներ, զարդեր։ XVI դ․, գաղութացումից հետո, Պերուի հնագույն մշակույթի զարգացումը ընդհատվել է, սակայն ուժգին ազդել է հետագա արվեստի վրա։ XVI դ․ 2-րդ կեսին—XVII դ․ 1-ին կեսին ստեղծվել են փողոցների ուղղանկյուն ցանցով նոր քաղաքներ, կառուցվել ներքին բակով բնակելի տներ, աղյուսե գոթական թաղերով կամ փայտե «արտեսոնադո» առաստաղներով, «պլատերեսկո» ոճի շքամուտքով եկեղեցիներ։ XVII դ․ 2-րդ կեսին-XVIII դ․ ծաղկել է պերուական բարոկկոն։ Լեռնային մասի քարի ճարտարապետությունը զանգվածեղ է, հարդարանքում օգտագործվել են եվրոպական և տեղական արվեստների մոտիվներ («մետիս ոճ»)։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ինկերը ունեցել են բարձր զարգացած երաժշտական մշակույթ։ Երաժշտությունը հիմնված էր պենտատոն հնչյունաշարերի վրա, հստակ բաժանված (պաշտամունքային, զինվորական, պալատական, ժողովրդական) և խիստ տարբերակված ըստ ժանրերի՝ սրբազան հիմներ, պատմական երգասքեր, եղերերգական և քնարական երգեր, պարեր։ Երաժշտական գործիքարանը կազմված էր հարվածային և բազմաթիվ փողային նվագարաններից՝ Պանի ֆլեյտա, երկայնակի ֆլեյտաներ, փողեր և այլն։ Երաժշտական այս մշակույթը համարյա ամբողջությամբ ժառանգել են կեչուա և այմարա հնդկացիները։ Իսպանական տիրապետության օրոք ստեղծվել և հնդկացիների երաժշտությանը գոյակցել է հիբրիդային («մետիսական») երաժշտությունը (տեղական լադերի, մետրառիթմիկայի վրա իսպանական ազդեցությամբ)։ Պերուի կրեոլական ժողովրդական երաժշտության մեջ նկատելի է XVI— XVIII դդ․ իսպանական երաժշտության փոխառությունը։ Պարերգային հիմնական ժանրերից են՝ յարավի, տրիստե, սամակուեկա, մարիներա, տոնդերո, սախուրիանա, ռեֆալոսա, նվագարաններից՝ կիթառը և նրա տեղական տարատեսակը՝ չարանգո, տավիղ։ Գաղութային շրջանում կոմպոզիտորները ստեղծել են բացառապես եկեղեցական երաժշտություն։

Պերուում, հատկապես ինկերի պետության կազմավորումից հետո, նշանակալի չափով զարգացել է բեմարվեստը։ Գոյություն է ունեցել թատերական ներկայացումների մի քանի տեսակ, որոնք ուղեկցվել են երաժշտությամբ և խմբերգեցողությամբ։ 1548 թվականին կայացել է առաջին աշխարհիկ ներկայացումը։ 1680 թվականին Լիմայում կառուցվել է «Պրինսիպալ» թատրոնը։ XVII դ․ 2-րդ կեսի—XVIII դ․ դրամատուրգներից են՝ Պ․ դե Պերալտա Բառնուէվոն, XIX դ․՝ Մ․ Մոնկլոաի Կովառուբիասը, Ֆ․ Պարդո ի Ալյագան, Մ․ Ա․ Սեգուրան, նշանավոր դերասաններից՝ Տ․ Սիրանդան, Է․ Պերեսը։ 1940-ական թթ․ ռեժիսորների և դրամատուրգների աշխատանքներին բնորոշ էր հայրենասիրությունը, սոցիալական խոր բովանդակությունը, թատերարվեստի զարգացման նոր ուղիների որոնումը։ 1960-ական թթ-ից տարբեր քաղաքներում անց են կացվում թատերական փառատոներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Instituto Nacional de Estadística e Informática — 1990.
  2. Human Development ReportUNDP, 2022.
  3. «Պերուի բնակչության ազգային կազմ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  4. «Պերուի ակտիվ բնակչություն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. «Պերուի Ուրբանիզացման Մակարդակը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. [ https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/pe.html Արխիվացված 2016-11-05 Wayback Machine Պերուի Էներգետիկ Համակարգը]
  7. 7,0 7,1 «Պերուի ՀՆԱ-ի Կառուցվածք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Պերուի Տրանսպորտային Համակարգ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Պերուի Առևտրաշրջանառություն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  10. 10,0 10,1 «Պերուի Բնակչության շարժ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերու» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy